Մատչելիության հղումներ

Նալբանդյան․ ԵՄ հետ մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ Հայաստանն ակնկալում է ԵՄ անդամների աջակցությունը


Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ելույթ ունենալով Եվրամիության Արևելյան գործընկերության նախարարական հանդիպմանը, հայտարարել է, որ Հայաստանի և Եվրամիության միջև կան որոշ առկախ հարցեր, ներառյալ մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը:

Նալբանդյանն ընդգծել է, որ այդ առումով պաշտոնական Երևանն ակնկալում է ԵՄ անդամ-պետությունների հստակ աջակցությունը:

«Վերջին երկու տարիների ընթացքում մենք ակտիվորեն աշխատել ենք Ռիգայի հռչակագրի դրույթների իրականացման ուղղությամբ և կարողացել կյանքի կոչել Հայաստանին վերաբերող գրեթե բոլոր փոխադարձ հանձնառությունները», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը:

Ռիգայի գագաթնաժողովը փորձագետները համարում էին Հայաստան-ԵՄ հարաբերությունների նոր սկիզբ այն բանից հետո, երբ գրեթե 3 տարի բանակցելով Եվրամիության հետ՝ Ասոցացաման պայմանագիրը և նրա բաղկացուցիչ մասը կազմող Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագրիրը ստորագերլու վերաբերյալ, Հայաստանը անակնկալ կերպով փոխեց քաղաքական կուրսը և 2013-ի սեպտեմբերի 3-ին հայտարարեց Մոսկվայի առաջնորդած Մաքսային միությանն, այնուհետև՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու մասին:

Գրեթե 4 տարի անց՝ 2017-ի մարտին՝ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում, Հայաստանի իշխանությունները ԵՄ-ի հետ նախաստորագրեցին մեկ այլ պայմանագիր՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որն արդեն չի ներառում խորը և համապարփակ առևտրի գոտին և, փորձագետների գնահատմամբ, քաղաքական մասով շատ մոտ է Ասոցացման պայմանագրին, բայց տնտեսական մասով շատ ավելի սահմանափակ է։

Այսօրվ ելույթում Նալբանդյանը նշեց, որ Հայաստանն ակնկալում է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրել գալիք գագաթաժողովի ընթացքում:

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն անդրադարձավ նաև ապրիլին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին՝ նշելով, որ դրանք «նշանավորվեցին միջազգային դիտորդների աննախադեպ մեծ թվով, որոնք փաստեցին, որ ընտրությունները լավ էին կազմակերպված, որ հիմնարար ազատությունները հարգվել են, և դրանց արդյունքներն արտացոլում են բնակչության կամքը»:

ԵԱՀԿ/ԺԳՄԻԳ-ի դիտորդները, մինչդեռ, ընտրություններից հետո թեև արձանագրեցին, որ դրանք լավ էին կազմակերպված և ընդհանուր առմամբ պահպանվել են հիմնարար ազատությունները, այդուհանդերձ ընդգծեցին, որ ընտրությունների վրա հետք են թողել ընտրակաշառքների վերաբերյալ արժանահավատ տեղեկություններն ու ընտրողների վրա գործադրված ճնշումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG