Մատչելիության հղումներ

Վեհափառը հարուստներին հորդորում է իրենց վաստակից ներդրում կատարել հայրենիքում


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ, Շիրակի մարզ, 19-ը հունիսի, 2017 թ․
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ, Շիրակի մարզ, 19-ը հունիսի, 2017 թ․

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդն այսօր Հայաստանի ամենաաղքատ մարզում՝ Շիրակում հարուստներին հորդորեց իրենց ունեցվածքը ծառայեցնել նաև երկրի ու ժողովրդի բարօրությանը:

Պաշտոնապես 46 տոկոսի հասնող աղքատության ցուցանիշ ունեցող մարզում Հայ առաքելական եկեղեցու առաջնորդը մասնակցում էր ամերիկահայ բարերարներ Թրփանջյանների ընտանիքի կողմից Հառիճում կառուցված Թրփանջյան ընծայարանի բացմանը:

Վեհափառ հայրապետը ամերիկահայ բարերարներին ներկայացրեց Հառիճի վանական համալիրի վիճակը, հիշեցնելով, որ «խորհրդային անաստվածության տարիներին» Հառիճի վանական համալիրն ընդամենը հռչակվել էր պատմական հուշարձան, և եկեղեցու դռները փակ էին հավատացյալների առաջ:

Միջոցառումից հետո, պատասխանելով «Ազատության» հարցին, կաթողիկոսը բնական համարեց, որ հասարակության մեջ կան հարուստներ, «բայց և պետք է լինի միջին խավ»: «Մեկը մյուսին պետք է լրացնի, պետք է համատեղ ջանքերով և աշխատանքով մենք կազմակերպենք առաջընթացն ու բարօրությունը մեր կյանքի: Թող Աստված օգնի և զորացնի մեր ժողովրդին, որպեսզի մարդիկ կարողանան բարվոքել իրենց կյանքը, և աղքատությունը, որ այսօր առկա է մեր կյանքում, աստիճանաբար կարողանանք վերացնել»,- ասաց վեհափառը:

Նրա խոսքով, եկեղեցին կարողությունների շրջանակում բերում է իր աջակցությունն այդ գործին: «Ունենք մի շարք բարեգործական ծրագրեր, ինչպես նաև խրախուսում ենք ու հորդորում մեր ունևոր, կարող անձանց՝ որպեսզի իրենց վաստակից ներդրում կատարեն հայրենիքում, և կարողանանք օր առաջ տեսնել հաղթահարումն այն բոլոր դժվարությունների, որոնք այսօր հուզում են մեր ժողովրդի կյանքը»,- ասաց Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Հառիճի ընծայարանի կառուցումից հետ Թրփանջյան ընտանիքը շարունակելու է Հառիճի վանական համալիրի հիմնանորոգումն ու բարեկարգումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG