Մատչելիության հղումներ

Ստեփանակերտից Երևան տեղափոխված երրորդ զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է


Այսօր անցած շաբաթավերջին Լեռնային Ղարաբաղում վիրավորված երրորդ զինծառայողն է տեղափոխվել Երևանի կենտրոնական կլինիկական հոսպիտալ: Ժամկետային զինծառայող, 20-ամյա Յուրի Զաքարյանի վիճակը ծայրահեղ ծանր է, լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Կենտրոնական կլինիկական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի պետ Գայանե Հովհաննիսյանը:

«Գլխի հրազենային թափանցող վիրավորում ունի, վիճակը ծայրահեղ ծանր է, գիտակցությունը բացակայում է, արհեստական շնչառության տակ է: Նա վիրահատվել է Ստեփանակերտում, այժմ միջամտության կարիք չկա»,- ասաց Հովհանիսյանը:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանական գերատեսչությունը անցած շաբաթ հաղորդեց, որ ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով հայկական կողմը չորս զոհ ունի:

Շաբաթ օրը Ղարաբաղից ևս երկու վիրավոր էր տեղափոխվել Երևան, որոնցից մեկն այժմ գտնվում է Մալայանի ակնաբուժական կենտրոնում, մյուսը՝ Կենտրոնական հոսպիտալում: Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ 33-ամյա պայմանագրային զինծառայողի աչքերը վիրահատվել են, և եթե բարդություններ չլինեն, նրա տեսողությունը կվերականգնվի:

Ինչ վերաբերում է մյուս զինծառայողին՝ 20-ամյա Արմեն Վարդանյանին, ապա Գայանե Հովհաննիսյանի փոխանցմամբ, նրա վիճակը կայուն ծանր է․ - «Արմեն Վարդանյանը ականի պայթյունից գլխի շրջանում է վիրավորում ստացել: Գիտակցությունը տեղն է, նա գիտակցություն է ունեցել նաև տեղափոխման օրը, ինքնուրույն շնչում է, կոնտակտի մեջ է մտնում: Այս պահին վիրահատության կարիք չկա»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG