Մատչելիության հղումներ

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոքարկել է Ալեքսանյանին որակազրկելու որոշումը


Armenia -- A Screenshot from the episode in Tbilisi which caused disqualification of Armenia wrestler Artur Aleksanian. June, 2017

Ըմբշամարտի հայկական ֆեդերացիան դիմել է սպորտաձևի միջազգային ֆեդերացիային՝ բողոքարկելով օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին Թբիլիսիում որակազրկելու որոշումը։

Անդրադառնալով անցած շաբաթ Թբիլիսիում կայացած միջազգային մրցաշարի եզրափակիչ գոտեմարտի ընթացքում տեղի ունեցած միջադեպին՝ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը պատմեց, որ Ալեքսանյանի և վրացի ըմբիշի մենամարտի ընթացքում մրցավարների կողմնակալ վերաբերմունքը առաջացրել է հայ երկրպագումների դժգությունն ու քաշքշոց է սկսվել նրանց և վրացի երկրպագուների միջև, քաշքշել են անգամ հայ ըմբիշի հորը։

Միջադեպի պատճառով մարտը դադարեցվել է, իսկ երբ կրքերը թեժացել են, անտարբեր չի մնացել նաև Արթուրը․ - «Արթուր Ալեքսանյանը իջավ գորգից և ժողովրդին, երկրպագուներին խնդրեց՝ հանդարտվեք, որ գոտեմարտը շարունակենք: Ես և Արսեն Բադալյանը իրեն անմիջապես գորգ ենք բարձրացրել, հետո ես կանգնել եմ Արթուր Ալեքսանյանի կողքին, որ տեղից չշարժվի: Արթուրը ընդհանրապես որևէ մեկին ո՛չ ձեռքով կպել է, ո՛չ անպատվել է, ո՛չ ինչ-որ ոչ կոռեկտ մի բան է արել: Ամեն ինչ եղել է սահմանների մեջ»:

Ջուլֆալակյանը նաև հերքեց մամուլում տարածված լուրերը, ապա բացատրեց հայ ըմբիշին որակազրկելու պատճառները․ - «Գորգից հեռանալը պարտություն է գրանցվում, ավելի շուտ՝ երկու միավոր և նկատողություն: Իսկ մրցումների գլխավոր ինստրուկտորը իր կողմից ևս ավելացրեց օրենքների, կարգուկանոնի խախտում և մրցումներից որակազրկեց»:

Մեր հավաքականի մասնագետները համոզված են, որ մրցումների գլխավոր տեխնիկական մրցավարը կարող էր ավելի մեղմ դատել Արթուրի քայլը։ Հարցին, թե, իմանալով այդ օրենքները, ինչու Ալեքսանյանն իջավ գորգից, Ջուլաֆալակյանն արձագանքեց․ - «Եկեք մարդկային տեսանկյունից մոտենանք․ ցանկացած իրեն հարգող տղամարդ, եթե տեսնի, որ իր հորը կողքից տարբեր մարդիկ ուզում են ինչ-որ քաշել, վնասել կամ անպատվել, ո՞ր նորմալ անձնավորությունը, ճիշտ տղամարդը կարող է անտարբեր մնալ: Բայց եթե Արթուրը տեսներ, որ իր մարզիչին, իր հորը մեկը քաշքշում է, և ինքը անտարբեր կանգնել է, ես չէի հարգի նման մարզիկին»:

Հավաքականի գլխավոր մարզիչը նաև համոզված է, որ նման միջադեպ չէր լինի, եթե մարտի ընթացքում մրցավարներն ավելի արդար որոշումներ կայացնեին և անկհայտ հաղթող Ալեքսանյանին ցածր միավորներ չտային։ Այս կետը նույնպես ընդգրկել է բողոք-նամակում, որն արդեն ուղարկվել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահին։

Հայաստանում համոզված են, որ մեդալը հետ է պետք բերել․ - «Մրցավարը ընդհանրապես իրավունք չուներ որակազրկել այդ մրցաշարից և նրանից խլել արծաթե մեդալը, թեկուզ արդեն պարտությունը կար: Ընդ որում, Արթուր Ալեքսանյանին կանչել են պարգևատրման, ինը ներկայացել է, հետո ասել են՝ չէ, դու որակազրկված ես, չես պարգևատրվում» (ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղար):

Նամակն ուղարկել են ուրբաթ օրն ու այժմ սպասում են պատասխանին։ Ջուլֆալակյանը նաև նշեց, որ այդ որակազրկումը հետագայում չի խանգարի գյումրեցի մարզիկին շարունակելու սպորտային կարիերան։ Օգոստոսին նրանք կտեսնենք աշխարհի առաջնությունում։

Ալեքսանյանը, հիշեցնենք, անցած տարի Ռիո դե Ժանեյրոյում կայացած ամառային օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG