Անցած գիշեր Լոնդոնի մզկիթներից մեկի հարևանությամբ բեռնատար ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, շուրջ 10-ը՝ վիրավորվել: Տուժածներն առավելապես մահմեդականներ են, որոնք վերադառնալիս են եղել մզկիթից:
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի հյուսիսային շրջանում տեղի ունեցած այս արյունալի միջադեպից հետո ոստիկանությունը ձերբակալել է 48-ամյա մի տղամարդու, ով, պաշտոնական տվյալների համաձայն՝ բեռնատարի վարորդն է:
Վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ դեպքի առնչությամբ իրավապահները քննում են ահաբեկչության վարկածը։ Վարչապետը նաև ասել է, որ ահաբեկիչը գործել է միայնակ: Վերջինս փորձել է փախուստի դիմել հանցագործության վայրից, սակայն, տեղի բնակիչները հասցրել են բռնել նրան և փոխանցել ոստիկաններին:
Բրիտանական կառավարության ղեկավարն ընդգծել է՝ մահմեդականների վրա հարձակումը նույնքան վտանգավոր է և կործանիչ Մեծ Բրիտանիայի քաղաքացիների կենսակերպի համար, որքան մյուս հարձակումները, որոնց վերջին շրջանում բախվում է երկիրը:
«Նա մեքենան վարում էր հենց մայթի վրայով՝ ուղիղ մահմեդականների վրա: Նա բոլորին պարզապես վրաերթի էր ենթարկում: Կարծեմ անցորդներից մեկը տեղում է մահացել, մնացյալը շատ ծանր վիճակում են: Ես տեսա գետնին ընկած 7-8 մարդու»,- «Ռոյթերզ»-ին պատմել է ականատեսներից մի տղամարդ՝ Մոհամեդ Մոհիդին: Մզկիթ հաճախած միջին տարիքի մի կին էլ պատմում է․ «Մարդիկ պարզապես աղոթում էին մզկիթում, մեզ մոտ հիմա Ռամադան է: մենք նման սարսափ չենք ուզում: Ես չեմ հասկանում, թե ինչու են մարդիկ նման քայլերի դիմում: Կներեք, շատ ընկճված եմ»:
Լոնդոնում հերթական ահաբեկչական այս հարձակումը տեղի է ունենում մահմեդականների սուրբ ամսվա՝ Ռամադանի վերջին օրերին: Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը հայտարարել է, որ հանրության անվտանգությունն ապահովելու նպատակով Ռամադանի օրերին քաղաքում ոստիկանական լրացուցիչ ստորաբաժանումներ կտեղակայվեն:
Սա վերջին մեկ ամսվա ընթացքում Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած թվով երրորդ ահաբեկչական հարձակումն է: Երկուսուկես շաբաթ առաջ մեկ այլ բեռնատար էլ էր վրաերթի ենթարկել հետիոտներին: Այդ հարձակումից րոպեներ անց բեռնատարում գտնվող անձինք դանակներով զինված հարձակվել էին անցորդների վրա՝ սպանելով նրանցից 7-ին և վնասվածքներ հասցնելով տասնյակ ուրիշների:
Այդ միջադեպից առաջ էլ, մայիսին, Մանչեսթր քաղաքում համերգի ժամանակ պայթյուն տեղի ունեցավ, որի հետևանքով զոհվեց 22 մարդ, այդ թվում՝ երեխաներ, 59 մարդ վիրավորվեց: Բոլոր այս հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Անցած գիշերվա հարձակումը տեղի է ունեցել Լոնդոնի ամենահայտնի մզկիթներից մեկի մոտ: Բրիտանական լրատվամիջոցները նշում են, որ մզկիթը հայտնի է իր մի խումբ ծայրահեղական այցելուներով: Դրանցից է, օրինակ, Ռիչարդ Ռիդը, որը ժամանակին փորձել է օդանավ պայթեցնել կոշիկի մեջ տեղադրած պայթյուցիկ սարքի միջովով: Նաև՝ Զաքարիաս Մուսսաուին, ում դեմ մեղադրանք էր առաջադրվել սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունն իրականացնողներին աջակցելու համար:
Այս մզկիթի հետ առնչություն ունեցող ամենահայտնի անձը իմամ Աբու Համզա Ալ-Մասրին է, ով 7 տարի բրիտանական բանտում է անցկացրել սպանություն հրահրելու և կրոնական անհանդուրժողականություն քարոզելու մեղադրանքներով: 2012 թվականին նրան արտահանձնել են ԱՄՆ, որտեղ վերջինս ցմահ ազատազրկման է դատապարտվել: