Մատչելիության հղումներ

Բիձինա Իվանիշվիլիի որդին հերքում է հոր առողջական խնդիրների մասին լուրերը


Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլի, արխիվ

Վրաստանի նախկին վարչապետ, իշխող ուժի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի որդին հերքում է վերջին օրերին շրջանառվող խոսակցությունները, թե հայրն առողջական լուրջ խնդիրներ ունի։

Վրացական լրատվամիջոցներն անցած օրերին գրեցին, թե 61-ամյա միլիարդատիրոջ առողջական վիճակը կտրուկ սրվել է։ Երկրի ամենավարկանիշային հեռուստաընկերության՝ «Ռուսթավի 2»-ի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան, վկայակոչելով իր աղբյուրները, հայտարարել է, թե իր տեղեկություններով, Իվանիշվիլին սրտի կաթված է ստացել և այժմ բուժում է ստանում Գերմանիայում։

Իվանիշվիլիի Միացյալ Նահանգներում բնակվող որդին՝ ռեփեր Բերա Իվանիշվիլին վրացական լրատվամիջոցներում օրեր շարունակ համառորեն շրջանառվող այդ լուրերը ապատեղեկատվություն է որակել։

«Ուզում եմ ասել, որ իմ 61-ամյա հայրն ամեն օր մարզվում է և իր առողջական վիճակով գերազանցում է ցանկացած երիտասարդի», - Ֆեյսբուքում գրել է 2012-ից 2013 թվականներին Վրաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրած Բիձինա Իվանիշվիլիի որդին։

Վրաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ «Վրացական երազանք» իշխող կուսակցության առաջնորդի առողջական խնդիրների մասին լուրերը հերքել է նաև նրա մամուլի ծառայությունը։ Կուսակցության խոսնակ Գեորգի Ուձիալուրին հենց «Ռուսթավի 2» հեռուստաընկերության հետ զրույցում հայտարարել է, թե այդ խոսակցությունները իրականությանը չեն համապատասխանում և միտումնավոր տարածվում են երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորած «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության կողմից։

«Բացարձակ անհեթեթ լուրեր են։ Բիձինա Իվանիշվիլին գտնվում է Վրաստանում՝ իր տանը և իրեն հրաշալի է զգում», - ասել է Ուձիալուրին։

Վրացական լրատվամիջոցները նկատում են, որ առողջական խնդիրների մասին շրջանառվող խոսակցությունները մեկնաբանում է ոչ թե անձամբ Բիձինա Իվանիշվիլին, այլ նրա մերձավոր շրջապատը։

«Ռուսթավի 2» հեռուստաընկերությունն Իվանիշվիլիին հրավիրել է զրույցի՝ անձամբ փաստելու իրականությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG