Մատչելիության հղումներ

Անդրիաս Ղուկասյանի գործով նախաքննությունն ավարտվել է


Անդրիաս Ղուկասյանը (կենտրոնում), Արմեն Մարտիրոսյանը (աջից) և Դավիթ Սանասարյանը Երևանի կենտրոնում 2016 թվականի հուլիսի 29-ի երթի ժամանակ
Անդրիաս Ղուկասյանը (կենտրոնում), Արմեն Մարտիրոսյանը (աջից) և Դավիթ Սանասարյանը Երևանի կենտրոնում 2016 թվականի հուլիսի 29-ի երթի ժամանակ

Ընդդիմադիր գործիչ, «Ոտքի՛ Հայաստան» շարժման անդամ, գրեթե մեկ տարի անազատության մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանի գործով նախաքննությունն ավարտված է, «Ազատությանը» հայտնեց Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը՝ հավելելով, որ օրերս նրա մասով գործն առանձնացվել է անցած տարի հուլիսին Սարի Թաղում զանգվածային անկարգություններին վերաբերող մայր գործից: Այդ գործով անցնում են 9 հոգի՝ այդ թվում «Ժառանգություն»-ից Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը, Հովսեփ Խուրշուդյանը, ովքեր ազատության մեջ են, և «Նոր Հայաստան» շարժումից Դավիթ Հովհաննիսյանը, ով ևս, ինչպես Ղուկասյանը, կալանավորված է:

Վերջերս՝ մոտ երկու ամիս առաջ Անդրիաս Ղուկասյանի մեղադրանքը նաև խստացվել է՝ Սարի Թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելուց բացի, ըստ իրավապահների ներկայացրած մեղադրանքի, ընդդիմադիր գործիչը նաև մտադրություն է ունեցել մուտք գործել Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի գրավված տարածք:

Այս մեղադրանքներով Ղուկասյանին ավելի քան տասը տարվա ազատազրկում է սպառնում:

Ինքը Ղուկասյանը մեղադրանքը չի ընդունում՝ քրեական գործը քաղաքական հետապնդում որակելով: Մեժլումյանը գործի առանձնացումն ու նախաքննության շուտափույթ ավարտը քաղաքական հետապնդման շարունակություն է համարում՝ նշելով, որ մինչ այդ քննիչները մերժել են իրենց բազմաթիվ միջնորդությունները: Դրանք, ըստ պաշտպանի, կարող էին ապացուցել, որ Անդրիաս Ղուկասյանը իրեն մեղսագրվող որևէ հանցանք չի գործել։

«Սա Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդման շարունակությունն է և ամեն գնով նրան փակի տակ պահելու միջոց է: Նախաքննությունը միակողմանի է ընթացել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մեժլումյանը՝ շարունակելով․ - «Մենք վերջին օրերին բազմաթիվ միջնորդություններ ներկայացրեցինք, որոնցով հնարավոր էր օբյեկտիվ լրացուցիչ այլ ապացույցներ էլ ձեռք բերվեին, որոնցով միանշանակորեն կհերքվեր առաջադրված մեղադրանքը, այդ թվում՝ այս ծանրացված վիճակում․ ամբողջը մերժվեցին»:

Նա մանրամասնեց․ - «Այնպիսի ապացույցներ էինք միջնորդել, որ ձեռք բերվեն, ինչպիսին են, օրինակ, տեսագրությունները: Անդրիասին ի՞նչ են մեղադրում, այսինքն՝ որ ցանկացել է գնա ՊՊԾ գունդը գրավի և այլն, ինչո՞վ՝ ինչ-որ մի վկա ցուցմունք է տալիս, ասում է՝ երբ որ Ազատության հրապարակում ելույթները ավարտվեցին և բանախոսները իջան, ժողովրդի միջով անցնում էին՝ գան մյուս ծայրը, որ երթը շարունակվի, այսինքն՝ դեպի Թումանյան փողոցի կողմը, Անդրիաս Ղուկասյանը առանձնացել է և կանգնած ժողովրդին ասել՝ «քարեր կհավաքեք, որ պետք է գնանք ՊՊԾ գունդը գրավենք»․ ինչ-որ այդպես մեկը ցուցմունք է տվել: Մենք ասում ենք, դե, բնականաբար, նման բան տեղի չի ունեցել, երբ որ տեսագրությունները նայում ենք, տեսնում ենք, որ հարթակի բանախոսները իջնում և միասին առաջանում են, առաջանում են, գնում են, և նրանց հետևից անմիջապես չորս լրագրողներ՝ տեսախցիկներով, գնում են: Մենք միջնորդում ենք, ասում ենք՝ «պարզեք՝ ովքեր են այդ լրագրողները», և նրանցից տեսախցիկները որ վերցվի՝ օբյեկտիվ ապացույց, չէ՞, կլինի՝ Անդրիասը ընդհանրապես առանձնացե՞լ է, թե՞ չի առանձնացել: Քննիչը մերժում է»:

«Մերժում են, որովհետև չեն ուզում օբյեկտիվ իրականությունը բացահայտել», - համոզմունք հայտնեց փաստաբանը:

«Եվ նման բազմաթիվ միջնորդություններ: Միջնորդում ենք, ասում ենք՝ էդ որ ցուցմունք են տալիս մարդիկ, որ լսել են, թե Անդրիաս Ղուկասյանը Սարի Թաղում ժողովրդին հրահանգել է, որ քարերով հարվածեն, և այլն, թող տեղում փորձարարություն արվի՝ էդ որտե՞ղ է Անդրիաս Ղուկասյանը կանգնած եղել, որտե՞ղ են էդ ոստիկանները՝ նման ցուցմունք տվող, կանգնած եղել, ո՞նց կարող էին նման բան լսել կամ տեսնել: Մերժում են, բոլոր միջնորդությունները մերժում են», - նշեց Մեժլումյանը:

Նրա փոխանցմամբ, Անդրիաս Ղուկասյանի դեմ ցուցմունք է տվել չորս հոգի՝ երկուսը՝ ոստիկան, երկուսը՝ քաղաքացիական անձ․ - «Քաղաքացիականները, գիտեք, հոգեբուժարանում հաշվառված, նախկինում դատված, մեկի եղբայրը՝ ոստիկան: Պատկերացնո՞ւմ եք՝ հոգեբուժարանում հաշվառված, նախկինում դատված, եղբայրը՝ ոստիկան, այսինքն՝ խոցելի խավեր են: Ի դեպ, այդ բոլորի ցուցմունքները տեսագրություններով՝ առկա տեսագրություններով, այդ թվում՝ Սարի Թաղի, արդեն հերքվում են»:

Պաշտպանը հայտնեց, որ դեռ ժամանակ է տրամադրվելու գործի նյութերին ծանոթանալու համար, որի ընթացքում հնարավորություն կունենան միջնորդություններով հանդես գալու․ - «Բնականաբար, մենք նախաքննությունը լրացնելու միջնորդություններ ենք անելու»:

Հարցին՝ մոտավորապես ե՞րբ կմտնի գործը դատարան, Անդրիոս Ղուկասյանի պաշտպանն արձագանքեց․ - «Ես հուսով եմ՝ չի մտնի, բայց եթե էս ձևով շարունակվի, այսինքն՝ էդ ապօրինի հետապնդումը շարունակեն, հավանաբար մի 25 օրից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG