Մատչելիության հղումներ

Վաղը սկսվում է պայքարը Կոնֆեդերացիաների գավաթի համար


ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Իմֆանտինոն պատասխանում է լրագրողների հարցերին, արխիվ, Կազան, 26 նոյեմբերի, 2016թ.
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Իմֆանտինոն պատասխանում է լրագրողների հարցերին, արխիվ, Կազան, 26 նոյեմբերի, 2016թ.

2018-ին Ռուսաստանում տեղի կունենա ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:

Հունիսի 17-ին Ռուսաստան-Նոր Զելանդիա հանդիպումով մեկնարկում է Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը: Սանկտ Պետերբուրգում հանդիսավոր բացմանը ներկա կլինեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն:

Կոնֆեդերացիաների գավաթի խաղերը տեղի կունենան Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կազանում և Սոչիում:

Կոնֆեդերացիաների գավաթը խաղարկվում է այն երկրում, որին վերապահվել է մեկ տարի անց ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացնելու պատիվը:

Կոնֆեդերացիաների գավաթի մրցաշարի մասնակիցներն 8 ընտրանիներ են՝ աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան, աշխարհի առաջնությունը հյուրընկալող Ռուսաստանը, Ասիայի չեմպիոն Ավստրալիան, Հարավային Ամերիկայի գավաթակիր Չիլին, Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ֆեդերացիաների չեմպիոն Մեքսիկան, Օվկիանիայի չեմպիոն Նոր Զելանդիան, Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիան և Աֆրիկայի չեմպիոն Կամերունը:

Մրցաշարն ունի 20 տարվա պատմություն․ գավաթը շահել են միայն երեք հավաքականներ՝ չորս անգամ Բրազիլիան, երկու անգամ Ֆրանսիան և մեկ անգամ Մեքսիկան: Ի դեպ, կա ուշագրավ վիճակագրություն՝ Կոնֆեդերացիաների գավաթը հաղթած և ոչ մի հավաքական հաջորդ տարվա աշխարհի առաջնությունում չի հաղթել:

Կոնֆեդերացիաների գավաթը, փաստորեն, աշխարհի առաջնությանը նախորդող գլխավոր փորձն է: Այն հետապնդում է երկու նպատակ: Առաջինը սոսկ մարզական է՝ 8 հավաքականները լուծում են կադրային խնդիրներ, փորձարկում երիտասարդներին, որոշակի առումով ընտելանում աշխարհի առաջնության մարզադաշտերին, ծանոթանում առաջնությունը կազմակերպող երկրի հետ: Երկրորդ նպատակը կարևոր նշանակություն ունի հենց կազմակերպող պետության համար: Գավաթի խաղերի ընթացքում փորձարկվում են մարզադաշտերը, ճանապարհները, մարզական և բժշկական կենտրոնները, տրանսպորտը, հյուրանոցները, մի խոսքով՝ մեկ տարի անց կայանալիք մրցաշարի համար անհրաժեշտ ամբողջ ենթակառուցվածքային համակարգը:

Ռուսաստանը հսկայական միջոցներ է տրամադրել 2018-ի առաջնությունն անցկացնելու համար: Վերջերս Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է ռուսներին խիստ քննադատող զեկույց մարզադաշտերի կառուցումն իրականացնող բանվորների աշխատանքի սարսափելի պայմանների մասին: Ռուսները չեն ընդունում քննադատությունը:

«Փաստեր են պետք, փաստեր: Երևի ցանկացած խոշոր շինարարություն լրացուցիչ քննություն է պահանջում, որ հասկանաս, թե ինչ է պատահել, բայց այդ ամենը չի ազդի մրցաշարի անցկացման վրա», - ասել է նախկին լեգենդար հոկեյիստ, օրենսդիր Վյաչեսլավ Ֆետիսովը:

Մինչդեռ, Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի փոխտնօրեն Ջեյն Բուքանանը պնդում է, որ շինարարության ընթացքում 17 մարդ է զոհվել, և դա ահավոր վիճակագրություն է:

Վաղը Ռուսաստանում մեկնարկող մրցաշարի 8 թիմերը բաժանված են երկու խմբերի: A խմբում են Ռուսաստանը, Նոր Զելանդիան, Պորտուգալիան և Մեքսիկան, B խմբում են Կամերունը, Չիլին, Ավստրալիան և Գերմանիան: Հունիսի 28-ին նախատեսված են կիսաեզրափակիչները՝ A խմբի հաղթողը խաղալու է B խմբում երկրորդ տեղը գրաված թիմի հետ և B խմբի հաղթողը՝ A խմբում երկրորդ տեղը գրաված թիմի հետ:

Հուլիսի 3-ին Մոսկվայում տեղի կունենա խաղը երրորդ տեղի համար, ապա նույն օրը երեկոյան Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա եզրափակիչը:

Կոնֆեդերացիաների գավաթի մրցանակային հիմնադրամը 20 միլիոն ամերիկյան դոլար է: Հաղթողը կստանա 4 միլիոն 100 հազար դոլար, արծաթե և բրոնզե մեդալակիրները համապատասխանաբար՝ 3 միլիոն 600 հազար և 3 միլիոն: Չորրորդ տեղի համար կտրվի 2 և կես միլիոն, իսկ երկու խմբերից դուրս չեկած յուրաքանչյուր թիմ կստանա 1 միլիոն 700 հազար դոլար:

Կոնֆեդերացիաների գավաթին պատկերված են ՖԻՖԱ-ի անդամ վեց կոնֆեդերացիաների զինանշանները: Այս մրցաշարի կարևոր նորույթներից կլինի տեսակրկնության համակարգի փորձարկումը:

Տեսակրկնությունը պետք է օգնի մրցավարներին խաղի ընթացքում հնարավոր կասկածելի և վիճահարույց պահերին անմիջապես դիտել տեսագրությունը և տեղում արդար որոշում կայացնել:

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հուսով է, որ համակարգն ամբողջությամբ կկիրառվի հաջորդ տարվա աշխարհի առաջնությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG