Մատչելիության հղումներ

ԵՄ-ն «հաջողված» է համարում Հայաստան-Վրաստան միջսահմանային համագործակցության ծրագիրը


մեղվափեթակներ, արխիվ

Եվրամիության տրամադրած ֆինանսական օժանդակությամբ Վրաստանի Սամցխե-Ջավախեթի մարզի բնակիչ Նուգզարի Տաթեշվիլին լոռեցի գործընկերների հետ արևային էներգիայով մրգեր ու խոտաբույսեր է չորացնում: Արևելյան գործընկերության տարածքային համագործակցության ծրագրի շրջանակներում նաև տների ջերմամեկուսացում են իրականացրել:

Նուգզարին ասում է՝ հաշվարկները ցույց են տալիս, որ շահառու ընտանիքներում 60 տոկոսով կրճատվել է վառելիքի ծախսը: «Սովորեցրել ենք, թե ինչպես սեփական տունը ջերմամեկուսացնել, որ վառելափայտի պահանջարկը նվազի: Եթե նախկինում 12-13 խորանարդ մետր վառելափայտ էին օգտագործում ձմռանը բնակարանները ջեռուցելու համար, ապա հիմա 5 խորանարդ մետրը բավական է: Սա 60 տոկոսի տնտեսում է»,- ասում է Նուգզարի Տաթեշվիլին:

Ագարակցի Նաիրա Չոբանյանի բնակարանի մեկ սենյակը ևս ծրագրի շրջանականերում ջերմամեկուսացվել է: Հետո ընտանքն արդեն սեփական միջոցներով ջերմամեկուսացրել է ողջ բնակարանը: «Կեսը տնտեսել ենք, անում ենք մեկ անգամ, օգտվում երկար ժամանակ»,- ասում է Նաիրան:

Եվրամիության Արևելյան գործընկերության պիլոտային այս ծրագրի շրջանակներում 12,5 մլն եվրո է տրամադրվել Հայաստանի ու Վրաստանի սահմանամերձ շրջաններին՝ համատեղ ծրագրեր իրականացնելու համար: 3 տարվա ընթացքում 9 համատեղ ծրագիր է իրականացվել, սկսած զբոսաշրջության զարգացմանն ուղղված նախագծերից մինչև մշակութային և սոցիալ-տնտեսական ծրագրերը:

Շիրակի մարզի Աշոցքի ու Ամասիայի մի քանի գյուղերում մեղվաբուծություն են զարգացրել: Մասնակիցներին տրամադրվել է 3-5 մեղվընտանիք: Կորյուն Սուբուլյանն ասում է՝ ծրագրի իրականացմամբ և՛ մասնակից ընտանիքների սոցիալական վիճակն է բարելավվել, և՛ բույսերի փոշոտումն է ապահովվել․ «5 մեղվընտանիքը նորմալ տնտեսություն զարգացնելու համար բավականին նորմալ թիվ է, մեղվաբուծությունը ոչ միայն սոցիական խնդիր է լուծում, այլև բնապահպանական, նպաստում է փոշոտմանը»,- ասում է ծրագրի մասնակիցը:

Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանն ասում է՝ սա առաջին փորձն է: Ըստ նրա, ծրագիրն անշուշտ, կունենա սոցիալական ազդեցություն, «բայց վաղը»: Փոխնախարարը ծրագրի համատեքստում հատկապես կարևոր է համարում մարդկանց փոխշփումները:

Եվրամիության պատվիրակության ներկայացուցիչ Գրեգորի Ցուրիսը ծրագրի արդյունքից գոհ է: Ասում է՝ սահմանի 2 կողմում համագործակցությունը ստացվել է: «Ծրագիրը բավականին հաջողված է: Կարելի է ասել՝ այն ծրագրերից է, որը հնարավորություն է տվել միջպետական, միջսահմանային համագործակցության միջոցով ստեղծել բավականին ամուր հարթակ՝ հետագա համագործակցության համար»,- ասում է ԵՄ ներկայացուցիչը:

Եվրամիությանը տարածքային համագործակցության նույնատիպ պիլոտային ծրագրեր է իրականացնում Արևելյան գործընկերության անդամ մյուս երկրներում ևս՝ Մոլդովայում, Ադրբեջանում, Ուկրաինայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG