ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ որևէ մեկին չի հաջողվել ապացուցել իր կապերը Կրեմլի հետ
«Ռուսաստանի հետ իմ դավադրության» շուրջ 7 ամսվա հետաքննությունից և Կոմիտեի լսումներից հետո ոչ ոք այդպես էլ չի կարողացել որևէ ապացույց ներկայացնել. Ցավալի է»,- այսօր Թվիթերում գրել է Սպիտակ տան ղեկավարը:
Ամերիկյան կոնգրեսում շարունակվում է անցած տարվա ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության շուրջ հետաքննությունը: Նմանատիպ հետաքննություն է անցկացնում նաև Հետաքննությունների դաշնային բյուրոն, որի նախկին ղեկավար Ջեյմս Քոմիին Թրամփը շաբաթներ առաջ պաշտոնանկ է արել: Ընդդիմախոսները Թրամփի այդ որոշումը համարում են արդարադատության իրացմանը խոչընդոտելու փորձ:
Ռուսաստանի հնարավոր միջամտությունը հետաքննում է նաև անկախ մարմինը, որը համակարգելու է ՀԴԲ նախկին ղեկավար Ռոբերտ Մյուլլերը: Նրան իրավունք է վերապահված հետաքննության մեջ ներգրավել նաև նախագահին: