Մատչելիության հղումներ

Նավալնիի ազատազրկման ժամկետը կրճատվել է 5 օրով


Մոսկվայի քաղաքային դատարանը կրճատել է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ազատազրկման ժամկետը՝ 30 օրից դարձնելով 25, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:

Դատարանը չի բավարարել քաղաքական գործչի պաշտպանական կողմի միջնորդությունը՝ կալանքը որպես խափանման միջոց փոխելու մասին:

Նավալնիի փաստաբան Օլգա Միխայլովան պնդում էր, որ հունիսի 12-ին հանրահավաքների կազմակերպիչը Նավալնին չէ, քանի որ հանրահավաքներ անցկացնելու դիմում էր ներկայացրել Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի տնօրեն Ռոման Ռուբանովը:

Նավալնին դատարանի դահլիճում հայտարարել է, որ շարունակելու է ցույցերին մասնակցելու կոչ անել:

Ընդդիմադիր գործիչը ձերբակալվել էր հունիսի 12-ին՝ իր տան դիմաց, երբ պատրաստվում էր գնալ և մասնակցել Մոսկվայի կենտրոնում մեկնարկող հակակոռուպցիոն բողոքի ակցիային:

Ավելի վաղ նա կոչ էր արել իր կողմնակիցներին երթ անցկացնել Մոսկվայի քաղաքապետարանին հարող տարածքում՝ Տվերսկայա փողոցում, որտեղ Ռուսաստանի օրվան նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել, որի ընթացքում ոստիկանությունը ձերբակալել է ավելի 1150 ցուցարարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG