Մատչելիության հղումներ

Պուտինն այլևս Ռուսաստանին առաջարկելու բան չունի․ ռուս փորձագետ


Քաղաքագետ Գլեբ Պավլովսկի, արխիվ
Քաղաքագետ Գլեբ Պավլովսկի, արխիվ

Ռուսաստանում արձագանքում են երկրի բնակիչների հետ ՌԴ նախագահի հերթական «հեռուստահանդիպմանը»:

«Ուղիղ գծի» միջոցով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ռուսաստանցիների երեկ կայացած ավանդական հանդիպմանն այսօր արձագանքել են մեկնաբաններն ու փորձագետները: Վերջիններս նկատում են՝ Պուտինն այդպես էլ հստակ պատասխան չտվեց՝ մտադի՞ր է մասնակցել հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններին, թե ոչ: Մասնավորապես, քաղաքագետ Գլեբ Պավլովսկու դիտարկմամբ՝ երեկվա «ուղիղ գիծը» նման չէր նախընտրական քարոզարշավի:

Ընդ որում՝ փորձագետներն ուշադրություն են հրավիրում ոչ միայն ՌԴ նախագահի պատասխանների, այլև ռուսաստանցիների տված հարցերի վրա: Քիչ չեն եղել, այսպես կոչված, «անհարմար» հարցերը: Օրինակ՝ էկրանի վրա հայտնված հարցին՝ երկար տարիներ նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո չե՞ք պատրաստվում հեռանալ, կամ՝ դիտարկմանը, թե ամբողջ Ռուսաստանն արդեն հոգնել է Պուտինից, վերջինս չի պատասխանել:

Նման հարցեր ու գնահատականներ պարբերաբար հայտնվում էին էկրանին, սակայն մնում էին անարձագանք: Քաղաքագետ Տատյանա Ստանավայան գրում է՝ այդ հարցերն իսկապես շատ էին և դրանք տարբերվում էին «ուղիղ գծի» դահլիճի մթնոլորտում տրվող հարցերից:

Փորձագետները նաև նկատում են, որ երեկ Պուտինը «հոգնած էր երևում» ու նախկինի պես չէր վկայաբերում բարդ վիճակագրական տվյալներ, հարցերին էլ հիմնականում պատասխանում էր համառոտ: Տրված հարցերից դիտորդների ընդհանուր տպավորությունն այն է, որ ռուսաստանցիները վատ են ապրում, որովհետև վատ են աշխատում չինովնիկները, և միակ փրկությունն այդ չինովնիկներից ինքն է՝ Վլադիմիր Պուտինը:

Քաղաքագետ Ստանիսլավ Բելկովսկին նշում է՝ Պուտինը երեկ ուզում էր ասել՝ մեղավոր են ռեգիոնալ և տեղական իշխանությունները, դպրոցների և հիվանդանոցների վարչակազմերը, նրանք գողանում են , ձեր հացն են խլում, և ես ու միայն ես եմ ձեր պաշտպանը՝ Վլադիմիր Պուտինը:

Գլեբ Պավլովսկին այսօր նաև գրել է՝ երեկվա «ուղիղ գիծը» վկայում է, որ Պուտինը, որպես ազգային առաջնորդ, արդեն գոյություն չունի անգամ համակարգային էլիտայի համար ։ «Ռուսաստանին Պուտինն այլևս ոչինչ չի կարող առաջարկել: Ինչ հնարավոր է, նա արդեն արել է: Սա է այն հիմնական եզրակացությունը, որին գալիս ես երեկվա «ուղիղ գիծը» դիտելուց հետո»,- նշել է քաղաքագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG