Մատչելիության հղումներ

Կառավարությունը նախատեսում է զարգացնել և ընդլայնել ռազմարդյունաբերությունը


Հայաստանի ռազմական արտադրանք թողարկող գործարաններից մեկում, արխիվ

Ոլորտի մասնագետը Հայաստանում այդ ծրագրի կենսագործումը միանգամայն իրատեսական է համարում:

Կառավարությունը Հայաստանում ժամանակակից զինտեխնիկայի արտադրությունը զարգացնելու որոշում է կայացրել։ Երեկ չզեկուցվող ընթացակարգով գործադիրը հաստատեց «Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունից» բխող միջոցառումների ծրագիրը, որի շրջանակներում նախատեսված է ռազմական արդյունաբերության ոլորտում ընդլայնել ներհանրապետական արտադրությունը և զինված ուժերն ապահովել ժամանակակից սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով։

Թեև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կառավարության երեկվա նիստում նախագծի մասին զեկույց չի ներկայացրել, բայց պաշտոնապես հրապարակված փաստաթղթում մի շարք ուշագրավ մանրամասներ կան։ Մասնավորապես՝ նախատեսվում է ռազմական արտադրության ոլորտում մի շարք կազմակերպություններ ձևավորել, որոնք աշխատանքներ կիրականացնեն լազերային, օպտիկաէլեկտրոնային, կապի, ռադիոլոկացիայի, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների, հետախուզության տեխնիկական միջոցների, ռազմական քիմիայի և այլ ոլորտներում։

«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» տնօրեն Կարեն Վարդանյանը, ով տարիներ շարունակ բարձրաձայնել է Հայաստանում ժամանակակից զինտեխնիկայի արտադրություն սկսելու անհրաժեշտության մասին, «Ազատության» հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ նշված ոլորտներում ժամանակակից զինտեխնիկայի արտադրության կազմակերպումը Հայաստանում հնարավոր է, կան համապատասխան մասնագետներ:

«Հայաստանը ժամանակին արտադրում էր Խորհդային Միության ռազմական էլեկտրոնիկայի մեկ երրորդը: Այսօրվա սերունդն էլ միջազգային շուկայում հաջողություններ ունի, իհարկե հնարավոր է նման արտադրություն»,- ասաց Կարեն Վարդանյանը:

Ծրագրով նախատեսվում է ռազմական գիտահետազոտական կառույց ստեղծել, ինչպես նաև միավորել ռազմարդյունաբերության ոլորտում մասնագիտացած երեք խոշոր գործարաններ՝ «65 Ռազմական գործարան»-ը, «Գառնիլեռ ԳԱՄ»-ը և «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» ընկերությունը։

Պաշտպանության նախարարությունը ծրագրի այլ մանրամասներ չի ներկայացնում։ Այս հարցում, ըստ փաստաթղթի, պաշտպանության նախարարության հետ համագործակցելու են նաև ԿԳՆ-ն և Գիտության պետական կոմիտեն։ Երկու կառույցներից էլ «Ազատությանը» փոխանցեցին, որ հարցը դեռ քննարկման փուլում է, և թեմային կանդրադառնան ավելի ուշ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG