Մատչելիության հղումներ

Այսօր Թբիլիսիում մեկնարկող «Սայաթ-Նովա» փառատոնը կշարունակվի Երևանում


Փառատոնն անցկացնում է Music of Armenia կազմակերպությունը:

17տարի առաջ ամերիկահայ բարերար Վահագն Հովնանյանի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ սկիզբ առավ «Սայաթ-Նովա» երգի մրցույթ-փառատոնը, որը հետագայում դարձավ ամենամյա և մեծ աշխուժություն մտցրեց մեր մշակութային կյանքում, որովհետև ամեն տարի մրցույթին մասնակցության համար մոտ 200 նոր երգեր էր գրվում ու ներկայացվում մրցութային հանձնաժողովին:

Իսկ մի քանի տարի առաջ հիմնադրվեց «Սայաթ-Նովա» երիտասարդ կոմպոզիտորների փառատոնը, որը նույնպես բավական ուշագրավ արձագանքի է արժանացել երաժիշտ կատարողների և կոմպոզիտորների կողմից:

Վերջապես անցած տարվա հուլիսին ստեղծվել Սայաթ-Նովայի անունը կրող երրորդ փառատոնը՝ այս անգամ արդեն Music of Armenia կազմակերպության կողմից:

«Music of Armenia-ն ունի մի քանի փառատոներ, որոնք իրենց իմաստով պահպանում են մեր երաժշտական և մշակութային ժառանգությունից ինչ-որ մի մասնիկ: «Սայաթ-Նովա» փառատոնը նվիրված է Սայաթ-Նովայի երաժշտական ժառանգությանը և աշուղական մշակույթին», - նշում է փառատոնի նախագահ Հասմիկ Մովսիսյանը:

Այս տարի փառատոնի կազմակերպիչները մի ուշագրավ մտահղացում են ունեցել՝ «Սայաթ Նովա» փառատոնն անցկացնել ոչ միայն Երևանում, այլև Թբիլիսիում: Ավելին՝ փառատոնը բացել Թբիլիսիում և շարունակել Երևանում:

Թբիլիսի մեկնելուց առաջ հրավիրած ասուլիսին Հասմիկ Մովսիսյանը շեշտում էր, որ փառատոնը կմեկնարկի հունիսի 16-ին Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում՝ հայ և վրացի երաժիշտներից բաղկացած նորաստեղծ նվագախմբի ելույթով․ - «Մենք ընտրել ենք հայկական մեկ անսամբլից չորս հոգի և մենք ընտրել ենք Վրաստանից երեք հոգի՝ դուդուկ, ձայն և ակկորդեոն, որոնք միանալու են հատուկ այս փառատոնի շրջանակներում և ստեղծելու են նոր՝ վրաց-հայկական անսամբլ»:

Փառատոնը կշարունակվի մեր մայրաքաղաքում արդեն հունիսի 17-ին և 18-ին․ - «Համերգային ծրագիր է: Վրացական կողմը ներկայացնելու է Սայաթ-Նովայի վրացական ռեպերտուարը, ինչպես նաև նվագակցելու է հայկականին․․․ նույնն էլ հակառակը: Ծրագրի մեջ կան Շերամ, Հավասի, Ջիվանի․․․ Եվ ավելացնեմ․ այդ տարի մենք Վրաստանի մշակույթի նախարարության հետ բանակցում ենք այն մասին, որ հետագա տարիների ընթացքում փառատոնը տեղի ունենա նաև Ջավախքում»:

Հայաստանում Վրաստանի դեսպանատան ներկայացուցիչ, հայագետ Նինո Ապիաուրիին ասաց․ - «Սայաթ-Նովան պատկանում է ոչ միայն հայ ժողովրդին, որովհետև նա մեծ երաժիշտ, մեծ բանաստեղծ է, ինքը աշուղական պոեզիայի հիմնադիրն է մենք Վրաստանում բարձրագույն ուսումնական հաստատություններում դասավանդում ենք Սայաթ-Նովային ստեղծագործությունը»:

Հասմիկ Մովսիսյանը չի բացառում, որ առաջիկա տարիներին իրենք կազմակերպեն նաև մեր մեծագույն ռեժիսորներից Փարաջանովին նվիրված փառատոն․ չէ՞ որ նա նույնպես մեր տարածաշրջանում երկրների ու ժողովուրդների բարեկամության լավագույն խորհրդանիշերից մեկը կարող է հանդիսանալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG