Մատչելիության հղումներ

Բագրատաշենում պնդում են՝ իրենց համայնքը խոշորացումից ամենաշատն է տուժել


Բագրատաշենի 8 տարվա գյուղապետ Արկադի Մակյանն այժմ վարչական ղեկավարի պարտականություններն է կատարում, գյուղապետարանի քարտուղարի պաշտոնից զրկված Սարգիս Անտոնյանն էլ կիսով չափ կրճատված աշխատավարձով համակարգչային օպերատոր է։ Բագրատաշենը Տավուշի մարզի Այրում քաղաքին միացած սահմանային 8 համայնքներից մեկն է։

«Մինչև հըմի ոչ մի համայնքում լավ բան խոշորացումը չի տվել՝ էդ ութ համայնքում։ Թե հետո կտա՞ չգիտեմ։ Խոստացել են, որ տեխնիկա պտի տան, մեզ միլիոններ պտի տան, բայց ոչ մի բան չեն տվել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մակյանը:

Բագրատաշենի մոտ 3,000 բնակիչների կեսը, այդ թվում նախկին գյուղապետն Ադրբեջանից բռնագաղթածներ են։ Խոշորացումից առաջ համայնքի ավագանին դեմ է եղել ու այդ մասին որոշում կայացրել։ Բնակչությունից էլ միշտ դեմ կարծիք են լսել։ Արկադի Մակյանը պնդում է. ճանապարհների, խմելու և ոռոգման ջրի խնդիր ունեցող իրենց գյուղը համայնքների խոշորացումից ամենաշատն է տուժել։

«Մեր համայնքի բյուջեն հերիքել ա յուրաքանչյուր առաջին դասարանցու միանվագ 30 հազար դրամ վճարել, յուրաքանչյուր ծնված երեխայի 20 հազար դրամ վճարել: Էդքանը չկա: Եթե գյուղում անապահով ընտանիքներից մահացողներ են եղել՝ օգնել ենք, ուրախություն է եղել՝ օգնել ենք: Հմի դժվարանում ենք», - պատմեց նախկին գյուղապետը:

Չնայած կառավարության անդամների պնդումներին, թե համայնքի կարգավիճակը կորցրած գյուղերին հասնող ֆինանսները չեն պակասում, Արկադի Մակյանը վստահեցնում է՝ այս տարի իրենց նախկին բյուջեից ոչինչ չի հասել։

«Գյուղացիները շատ դարդեր ունեն, մեզ մոտ են գալիս, ջղայնանում, մենք էլ կարողանում չենք օգնենք: Հմիկ էլ մտնում են Այրումի համայնքապետի մոտ, իրան էլ ջղայնացնում», - պատմեց նա:

Բագրատաշենի ու հարակից Պտղավանի բնակիչները նշում են՝ իրենց օգուտներն ու վնասները քիչ են կախված գյուղերի վարչական կարգավիճակից։

Իսկ կառավարությունը նահանջելու կամ ծրագիրը դադարեցնելու միտք չունի։ «Ազատությանը» տված հարցազրույցում երեկ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանն ասաց․ - «Մեր խորին համոզմամբ, այս բարեփոխումները միտված են բնակչի, գյուղի հետագա բարօրությանը և այդ խնդիրը լուծելու մեր ջանքերի, միջոցների էֆեկտիվ օգտագործմանը»:

Բագրատաշենի վարչական ղեկավարը, մինչդեռ, կասկածելով խոշորացման օգուտներին, սրտատրոփ սպասում էր օրերս Ազգային ժողովում տեղի ունեցող քննարկումներին ու պատգամավորների որոշմանը․ - «Մեծ ակնկալիքներ ունեինք, որ Ազգային ժողովը չի հաստատի, քանի որ իրենք էլ բոլորը բողոքեցին, բայց միաձայն անցավ: Ուրիշ գյուղերն էլ նորից մեր դարդին պիտի միանան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG