Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին չեն բավարարում ընտրախախտումները բացահայտելու՝ իրավապահների ջանքերը:
Ըստ Գլխավոր դատախազության, հարուցվել է 29 քրեական գործ՝ 20-ը խորհրդարանական, 9-ը՝ Երևանի ավագանու ընտրություններից հետո: Քրեական մի շարք գործեր կարճվել են՝ 5-ը Ազգային ժողովի, 2-ը՝ ավագանու ընտրություններին վերաբերող, ինչպես «Ազատությանը» փոխանցեցին Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից՝ հանցակազմի բացակայության հիմքով: Դատարան է ուղարկվել ԱԺ ընտրություններին առնչվող 13 գործ միայն։ Մնացած գործերը կա՛մ ուր որ է կուղարկվեն, կա՛մ դեռ քննվում են:
Իշխող Հանրապետականը երկու ընտրություններն էլ ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող է գնահատել:
Ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն ասում է՝ քրեական գործեր հարուցվում են բացառապես այն դեպքերում, երբ հանցագործության մասին ակնհայտ ապացույցներ են ներկայացվում, իսկ երբ իրավապահները պետք է հայթայթեն հանցագործության փաստը ապացուցող հանգամանքներ՝ չեն անում:
«Դատախազությունն է անգամ ընդունում, որ իրենց քննարկած շուրջ 1,000 նյութերի 80 տոկոսը դիտորդներն են ներկայացրել: Հազար ներողություն, իսկ ո՞ւր են իրավապահները», - հարցնում է Իոաննիսյանը:
Ըստ Գլխավոր դատախազության, երկու ընտրություններից հետո ընտրակաշառք տալու վերաբերյալ կան երեք քրեական գործեր: Արդեն երկու ամիս է՝ քննվում է ՍԱՍ-ի հայտնի ժողովի գործը: Ինչպես փոխանցեցին Հատուկ քննչական ծառայությունից, մինչև այս պահը գործով կասկածյալներ կամ մեղադրյալներ չկան: Ավագանու ընտրություններից հետո հարուցված երկու քրեական գործերից մեկը «Զիբիլիքս» անվանումը ստացած՝ «Ելք»-ի ներկայացրած նյութերին, երկրորդը՝ Հանրապետականի Ավանի շտաբում ընտրակաշառք բաժանելու՝ Զարուհի Փոստանջյանի հաղորդմանն է վերաբերում: Երկու դեպքում էլ հաղորդման հեղինակները պնդում են, որ իշխող Հանրապետականը ընտրակաշառք է բաժանել: Այս գործերով էլ, ՀՔԾ-ի հաղորդմամբ, կասկածյալներ չկան:
«Իրավապահների անգործությունը երկու բացատրություն կարող է ունենալ՝ կա՛մ աշխատել չգիտեն, կա՛մ չեն ուզում», - «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ներկայացուցիչը: - «Իրականում՝ իրավապահները Հայաստանում ունեն լավ ֆինանսավորում, ունեն շատ մեծ մարդկային ռեսուրսներ, ունեն տեխնիկական միջոցներ: Առանց խնդիրների կարողանում են գաղտնալսել հեռախոսահամարները: Սա նշանակում է, որ իրավապահները չեն ցանկանում բացահայտել դա: Եվ չցանկանալու միակ տրամաբանական մոտիվը կարող է լինել այն, որ երկրի բարձրագույն իշխանությունները դա չեն ցանկանում », - հավելում է Իոաննիսյանը:
Զանգվածային լրատվամիջոցի ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար մի հոգու է դեռևս մեղադրանք առաջադրվել: ՀՔԾ տարածած հաղորդագրության համաձայն՝ նախաքննությամբ պարզվել է, որ Էրեբունիի 10/29 ընտրատեղամասում Հայկ Հունանյանը խոչընդոտել է «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տաթև Խաչատրյանի աշխատանքը՝ ձեռքով փակել է հեռախոսի տեսախցիկը և փորձել խլել այն:
«Հայկական ժամանակի» լրագրող Տիրայր Մուրադյանը պնդում է, որ Կոնդում ընտրողներին ուղղորդող կնոջ կողմից է հարձակման ենթարկվել, բայց իրավապահները գտել են, որ այդ կինը ոչ թե հարվածել է տեսախցիկին, այլ հրել է:
«Հրելը, եթե ծանր հետևանք չի առաջացրել, քրեորեն պատժելի չէ», - լրագրողը «Ազատությանը» փոխանցեց իրավապահների պարզաբանումը:
Ավագանու ընտրությունների օրը Մալաթիա-Սեբաստիայի 7/46 ընտրատեղամասում բաց քվեարկության դեպք արձանագրած «Առավոտի» թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանին սպառնացել է հանձնաժողովի անդամը: Այս դեպքում էլ իրավապահները հանձնաժողովականի հայտարարություններում հանցակազմ չեն տեսել:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանի կարծիքով՝ լրագրողների իրավունքներ խախտողները գիտեն՝ կա՛մ պատասխանատվության չեն ենթարկվելու, կա՛մ այն ձևական բնույթ է կրելու․ - «Իրավունքների խախտումների քանակը անհամեմատ ավելի շատ են, քան պատասխանատվության ենթարկված անձինք: Դա անզեն աչքով է երևում: Պետք է վերհիշեմ, թե Սարի թաղի դեպքերից հետո ինչպես նախագահ Սարգսյանը ներողություն խնդրեց լրագրողներից և խոստացավ, որ այդպիսի դեպքեր այլևս չեն կրկնվի: Մենք հիմա նկատում ենք, որ այդ խոստումը որևէ արժեք չուներ, որովհետև ընտրությունների ժամանակ նույնպես խոչընդոտվեցին լրագրողների աշխատանքները և բացի դա իշխանությունը այս անգամ նույնպես համաչափ գործողություններ չձեռնարկեց»:
Մելիքյանը հարկ համարեց հիշեցնել «Գլենդեյլ Հիլզ»-ից դժգոհ քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի արած նրա մի արտահայտություն․- «Ներկա էին լրագրողներ: Նա սկզբից հարցրեց՝ արդյո՞ք այդ կանայք են հրավիրել լրագրողներին, և երբ ասացին չէ՝ մենք տեղյակ չենք, նա մի շատ հետաքրքիր ակնարկ արեց՝ իսկ ինչո՞ւ են նրանք այստեղ և խանգարում: Հարց է ծագում՝ ինչո՞վ է լրագրողը խանգարում նախագահին կամ իշխանություններին: Ես կարծում եմ, որ դա շատ վատ օրինակ էր իշխող կուսակցության համար, բարձրաստիճան պաշտոնյաների համար: Եթե երկրի նախագահը կարող է համարել, որ լրագրողը իր ներկայությամբ խանգարում է ինչ-որ գործընթացի, դա կարծես ազդակ է և՛ բարձրաստիճան պաշտոնյաների, և՛ իրավաբանների, և՛ առհասարակ այն մարդկանց համար, ովքեր կարող են խոչընդոտել լրագրողների աշխատանքը և պատժի չենթարկվել»: