Մատչելիության հղումներ

ԵՄ-ն և Ադրբեջանը մշակում են համապարփակ նոր համաձայնագիր


Հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հան, արխիվ

Ենթադրվում է, որ Յոհաննես Հանը կանդրադառնա ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլիի ճակատագրին:

Ադրբեջանը և Եվրոպական միությունը քննարկելու են ռազմավարական համագործակցության նոր համաձայնագիր կնքելու հնարավորությունը: Բաքվում է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը:

Շաբաթասկզբին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Էստոնիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սվեն Միկսերի հետ համատեղ ասուլիսում հաստատել է Հանի հետ բանակցելու ծրագիրը:

Նա ասել է, որ էստոնացի գործընկերոջ հետ քննարկել է ոչ միայն երկկողմ կապերի, այլև Եվրամիություն - Ադրբեջան հարաբերությունների թեման: «Կարծում եմ, մենք ճիշտ ուղու վրա ենք»,- ասել է Մամեդյարովը:

Կողմերը ցանկանում են նոր համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտել մինչև այս տարեվերջ նախատեսված Եվրամիության գագաթնաժողովը: Այդ մասին հունիսի 14-ին ասել է Եվրամիության արտաքին ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի և ԵԱՀԿ-ի հարցերով բաժնի տնօրեն Լյուք Դևինը:

«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ, այսօր Յոհաննես Հանը և Ադրբեջանի ղեկավարները կքննարկեն նաև տրանսպորտի, առևտրի և այլ ոլորտներում համագործակցելու հարցեր:

Եվրոպական խորհուրդն անցյալ տարվա նոյեմբերին է Եվրահանձնաժողովին և Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինիին տվել Ադրբեջանի հետ համապարփակ նոր փաստաթղթի շուրջ բանակցելու լիազորությունը: Նոր փաստաթղթով պետք է փոխարինվի 1996 թվականից գործող պայմանագիրը:

Նախօրեին Հանը ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ նոր համաձայնագիրը պետք է ներառի բոլոր կարևոր ոլորտները՝ տնտեսությունից մինչև անվտանգություն, օրենքի գերակայություն, լավ կառավարում և մարդու իրավունքներ:

Փորձագետներն այդ առումով ենթադրում են, որ Յոհաննես Հանը Բաքվում անպայման կարծարծի Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը և, ամենայն հավանականությամբ, կանդրադառնա մայիսի 29-ին Թբիլիսիում առևանգված և Բաքու տեղափոխված ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլիի ճակատագրին:

Ստրասբուրգում Եվրախորհրդարանը երեկ ընդունել է հատուկ բանաձև, որով պահանջել է անհապաղ ազատ արձակել լրագրողին և վերացնել նրան ներկայացված «շինծու մեղադրանքները»:

Այս պահին լրագրողին պահում են նախնական կալանքի վայրում: Բաքուն նրան մեղադրում է ապօրինի եղանակով սահմանը հատելու և ոստիկաններին դիմադրություն ցույց տալու մեջ:

Իրավապաշտպանները պնդում են, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները Մուխթարլիին Բաքու են տեղափոխել և պատժում են նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմի ապօրինությունները բացահայտող նյութեր հրապարակելու համար:

Եվրախորհրդարանը նաև Վրաստանին է կոչ արել՝ պարզել Մուխթարլիի առևանգման հանգամանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG