Մատչելիության հղումներ

Հենց ԱՄՆ-ն է միջամտում Ռուսաստանի ներքին գործերին, ոչ թե հակառակը․ Պուտին


Վլադիմիր Պուտինը պատասխանում է ռուսաստանցիների հարցերին, Մոսկվա, 15-ը հունիսի, 2017 թ․
Վլադիմիր Պուտինը պատասխանում է ռուսաստանցիների հարցերին, Մոսկվա, 15-ը հունիսի, 2017 թ․

«Ռուսաստանցիների հետ ուղիղ գիծ» ծրագրի ընթացում ՌԴ ղեկավարն այսօր անդրադարձել է Արևմուտքի հետ հարաբերություններին, սիրիական ճգնաժամին, Ռուսաստանի տնտեսությանը, կոռուպցիային և մի շարք այլ թեմաների առնչվող հարցերի:

«Չկան ապացույցներ, թե միջամտել ենք»

Այսօր «Ռուսաստանցիների հետ ուղիղ գիծ» ծրագրի շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, անդրադառնալով ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին ԱՄՆ-ում հնչող պնդումներին, հայտարարել է, թե չկան դրանք հիմնավորող ապացույցներ:

«Չկան ապացույցներ, որ Ռուսաստանը միջամտել է ԱՄՆ-ի ընտրական գործընթանցերին, հենց Միացյալ Նահանգներն են միջամտում Ռուսաստանի գործերին՝ ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով։ Երկրագնդի ցանկացած վայրում ամերիկացիներն իրենց հետաքրքրություններն ունեն, Ռուսաստանն էլ սեփական կարծիքն ունենալու իրավունք ունի»,- ասել է ՌԴ ղեկավարը:

Ինչ վերաբերում է ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին ղեկավար Ջեյմս Քոմիի հետ կապված սկանդալին, Պուտինը նախ նշել է․ «Տարօրինակ է, երբ ստորադասը երրորդ մեկին պատմում է երկրի գլխավոր հրամանատարի հետ ունեցած զրույցի մանրամասները», ապա կատակել՝ եթե Քոմիին պետք լինի քաղաքական ապաստան, ինչպես Սնոուդենին պետք եղավ, ապա Ռուսաստանը պատրաստ է տրամադրել այն:

«Տնտեսական ճգնաժամը հաղթահարված է»

Խոսելով երկրի տնտեսությանն առնչվող հարցերի մասին, Ռուսաստանի ղեկավարը հայտարարել է՝ ճգնաժամը հաղթահարված է, տնտեսությունը սկսել է աճել: Պուտինի խոսքով՝ երկրի համախառն ներքին արդյունքը երեք եռամսյակ շարունակ անընդմեջ աճ է գրանցել, աճել են արդյունաբերական արտադրանքի ծավալները: Սրանով հանդերձ, նա խոստովանել է, որ Ռուսաստանում աղքատության շեմից ցածր գտնվող մարդկանց թիվն ավելացել է՝ հասնելով 13,5 տոկոսի:

Ռուսաստանում տնտեսական ճգնաժամն ահագնացավ 2014 թվականից սկսած, երբ միջազգային շուկաներում նավթի սրընթաց գնանկում արձանագրվեց: Բացասական գործոններին գումարվեցին Մոսկվայի հանդեպ Արևմուտքի սահմանած պատժամիջոցները՝ ի պատասխան Ղրիմի բռնակցման: Պուտինի խոսքով, սակայն, եթե անգամ չլիներ Ղրիմի հարցը, «Արևմուտքը մեկ այլ պատճառ կգտներ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու համար»։

«Հիմա մենք տեսնում ենք, որ Սենատում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին են խոսում։ Ինչու՞, չէ՞ որ ոչ մի արտառոց բան չի կատարվում: Իրականում սրանք ինչ-որ ներքաղաքական հարցեր են։ Այնպես որ` եթե չլիներ Ղրիմը, մեկ այլ պառճառ կգտնվեր։ Այդպես եղել է միշտ, և դրա նպատակն է՝ պարզապես զսպել Ռուսաստանին»,- հայտարարել է ՌԴ ղեկավարը:

«Բողոքի ակցիաներն ինքնագովազդի համար էին»

Պուտինն այսօր էլ հրաժարվել է պատասխանել հարցին՝ արդյո՞ք մտադիր է մասնակցել հաջորդ տարվա մարտին կայանալիք նախագահական ընտրություններին: Պատասխանելով մի քանի օր առաջ Մոսկվայում և Ռուսաստանի մի շարք այլ քաղաքներում տեղի ունեցած բազմամարդ բողոքի ակցիաների մասին հարցին, Պուտինն ասել է, թե դրանք կազմակերպվել են «իքնագովազդի համար»։

ՌԴ նախագահը հավելել է՝ ինչպես ակցիաների մասնակցիները, այնպես էլ իրավապահները «պետք է գործեն բացառապես օրենքի սահամաններում»։ Խոսելով կոռուպցիային առնչվող խնդիրների մասին, Վլադիմիր Պուտինը ինքնատիպ մի դիտարկում է արել՝ հաշվի առնելով, որ կոռուպցիայի մասին հարցերի քանակն այս տարի նվազել է, հետևաբար դա այսօր Ռուսաստանի առաջնային խնդիրներից չէ:

«Սիրիայում ռուսական նոր զենքեր ենք փորձարկում»

Անդրադառնալով սիրիական ճգնաժամին, Ռուսաստանի ղեկավարն ասել է, թե այն որոշակիորեն օգտակար է ռուսական զինուժի համար, քանի որ այդ պատերազմում ռուսական նոր սպառազինություններ փորձարկելու հնարավորություն կա: Այդ հակամարտության համատեքստում Մոսկվայի առաջնահերթ խնդիրներից է մնում «սիրիական բանակի մարտունակության բարձրացմանը նպաստելը», ասել է Ռուսաստանի ղեկավարը, հավելելով, որ ռուսական օդուժը շարունակելու է աջակցել Սիրիայի կառավարական բանակին:

Ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցներ երեկ տեղեկություններ էին տարածել, թե մերձմոսկովյան հյուրանոցներից մեկում նախագահի աշխատակազմը հավաքել էր տարբեր շրջանակներ ներկայացնող մարդկանց՝ նախագահին ուղիղ եթերում հարցեր տալու վարպետություն սովորեցնելու համար։ Կրեմլը հերքել էր այդ լուրերը:

Ինչպես և նախորդ տարիներին, այս անգամ էլ «Ուղիղ գծի» մասնակից ռուսաստանցիներն առավելապես բողոքել են իրենց կենսապայմաններից, առողջապահական համակարգից, սոցիալական ծառայություններից, ճանապարհների վատ վիճակից: Պուտինը խոստացել է «անձամբ հետևել» ամեն կոնկրետ խնդրի լուծմանը: ՌԴ նախագահն այսօր նաև հաստատել է լուրը, որ վերջերս երկրորդ թոռն է ունեցել: «Ուղիղ գիծը» տևել է շուրջ 4 ժամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG