Մատչելիության հղումներ

ՀԴԲ-ն ուսումնասիրում է կոնգրեսականների վրա հարձակման տարբեր վարկածներ


Իրավապահները շրջափակել են Վաշինգտոնի մերձակա Ալեքսանդրիա քաղաքում տեղի ունեցած հրաձգության վայրը, 14-ը հունիսի, 2017 թ․

Միացյալ Նահանգներում, մայրաքաղաքից ոչ հեռու այսօր հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ, այդ թվում՝ Լուիզիանայից ընտրված հանրապետական կոնգրեսական Սթիվ Սքալիսը, ով հանրապետականների երրորդ ամենաբարձրաստիճան պաշտոնյան է Ներկայացուցիչների տանը:

Հայտնի է, որ «Վաշինգտոն Յունիվերսիթի»-ի հիվանդանոց են տեղափոխել երկու վիրավորների, որոնց վիճակը գնահատվում է ծանր: Անուններ, սակայն, դեռևս չեն հաղորդվում:

Արյունալի միջադեպը տեղի է ունցել Վաշինգտոնի արվարձաններից մեկում, երբ Կոնգրեսի մոտ երկու տասնյակ ներկայացուցիչներ ու աշխատակիցներ բեյսբոլի մարզումներ են անցկացրել՝ հանրապետականների և դեմոկրատների միջև վաղը կայանալիք հանդիպմանն ընդառաջ: Ոստիկանության հաղորդմամբ, հարձակվողը ձերբակալվել է: AP գործակալության փոխանցմամբ, քիչ առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սքալիսի վրա կրակողը մահացել է, իսկ կոնգրեսականի վիճակը կայուն է: Հնարավոր դրդապատճառների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում: Հայտնի է միայն, որ գործը քննելու է Հետաքննությունների դաշնային բյուրոն:

Ականատեսներն ու տուժողները, մինչդեռ, լրատվամիջոցների հետ զրույցում պնդել են, թե հարձակումը եղել է նախապես ծրագրված ու միտումնավոր: «Բոլորը գիտեն, որ այստեղ հանրապետականների բեյսբոլի հավաքականը մարզումներ է անցկացնում, դա որևէ մեկի համար գաղտնիք չէ»,- CNN-ին ասել է հանրապետական կոնգրեսական Մորրիս Բրուքսը, ով ևս հրաձգության պահին եղել է դեպքի վայրում:

«Սքալիսը վիրավորվում է ստացել ոտքից, կարծում եմ՝ դա կյանքի համար վտանգավոր չէ, սակայն բժիշկ չեմ և չգիտեմ՝ որքան խորն է վնասվածքը: Երբ մոտեցանք նրան օգնելու ու վիրակապ դնելու, տեսանք, որ 9-14 մետր հեռավորությամբ, որտեղ նա վիրավորվել էր, արյան լճակներ էին գոյացել»,- պատմել է Բրուքսը:

Հանրապետական սենատոր Ջեֆ Ֆլեյքի խոսքով, վիրավոր կոնգրեսականը շատ արյուն է կորցրել, մինչ նրանք թաքնված սպասել են ոստիկանությանը: Ըստ ականատեսների, հարձակվողը եղել է միջին տարիքի տղամարդ, կրակել է հրացանից՝ արձակելով առնվազն 60 կրակոց:

«Մենք բեյսբոլի հարվածներ էինք փորձարկում, այդ պահին մի շարք կոնգրեսականներ և աշխատակազմի ներկայացուցիչներ կային դաշտում: Սթիվ Սքալիսը երկրորդ հարվածային բազայի մոտ էր, գնդակներ էր նետում, և հանկարծ լսեցինք շատ բարձր կրակոց: Կրակողը երրորդ բազայի հենման կետում էր, նրա դիտակետից ողջ դաշտը, բոլորս շատ լավ երևում էինք: Կրակոցից հետո Սթիվը կարողացել էր երկրորդ բազայի իր դիրքից մոտ 10-15 մետր հեռանալ, այնտեղ անշարժ պառկած էր»,- պատմել է սենատորը:

Սքալիսի գրասենյակից փոխանցել են, որ կոնգրեսականին արդեն վիրահատել են, նրա վիճակը գնահատվում է կայուն: Հարձակումից անմիջապես հետո նախագահ Թրամփը չեղյալ է հայտարարել մինչ այդ նախատեսված հանդիպումները, քիչ անց էլ «Թվիթեր»-ում գրել է. «Սքալիսը, ով իսկական ընկեր է ու հայրենասեր, ծանր վնասվածքներ է ստացել, սակայն լիովին կապաքինվի, մեր մտքերն ու աղոթքները նրա հետ են»:

Իրավապահները հայտարարել են, որ այժմ ուսումնասիրում են ամենատարբեր վարկածներ, և առայժմ վաղ է ասել՝ արդյո՞ք դա մահափորձ էր, թե ահաբեկչական հարձակում: Այս մասին «Ռոյթերզ»-ին ասել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի պաշտոնյան, փաստելով՝ դեռևս ուսումնասիրում են հարձակվողի ինքնությունը՝ հնարավոր դրդապատճառները պարզելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG