Մատչելիության հղումներ

Երևանում է Չայկովսկու անվան Մեծ սիմֆոնիկ նվագախումբը


Չայկովսկու անվան Մեծ սիմֆոնիկ նավագախմբի գլխավոր դիրիժոր Վլադիրմիր Ֆեդոսեևը:

Արդեն 18 տարվա պատմություն և համաշխարհային երաժշտական ասպարեզում առաջատար համարվող «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում վաղը «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա Չայկովսկու անվան Մեծ սիմֆոնիկ նվագախումբը՝ աշխարհահռչակ դիրիժոր, 85-ամյա Վլադիմիր Ֆեդոսեևի ղեկավարությամբ:

Այսօր հրավիրած ասուլիսին «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահ, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանն ասաց․ - «Վլադիմիր Ֆեդոսեևի այցը ևս մեկ բարձունք է փառատոնի մշակութային կյանքում: Պիտի ասեմ, որ այսօր ապրող ամենալեգենդար երաժիշտներից մեկն է, որը աշխատել է ոչ միայն ռուսական օրկեստրի հետ, նաև ղեկավարն է եղել աշխարհի բազում մեծանուն նվագախմբերի՝ որպես գլխավոր և որպես հրավիրյալ դիրիժոր: Եվ ցանկացած բեմ պատիվ է իրեն ունենալ որպես արտիստ»:

Չայկովսկու անվան Մեծ սիմֆոնիկ նվագախումբը հիմնադրվել է 90 տարի առաջ, իսկ Վլադիմիր Ֆեդոսեևը այն ղեկավարում է արդեն 43 տարի՝ 1974 թվականից: Զուգահեռաբար մոտ 10 տարի՝ 1995-2004 թվականներին Ֆեդոսեևը եղել է Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը, Տոկիոյի, Ցյուրիխի և այլ շատ հեղինակավոր նվագախմբերի հրավիրյալ դիրիժորը:

Իր կազմում 110 երաժիշտ ունեցող Չայկովսկու անվան Մեծ սիմֆոնիկ նվագախումբը մեծ հռչակ է ձեռք բերել երաժշտական համաշխարհային ասպարեզում ոչ միայն Չայկովսկու ստեղծագործությունների լավագույն կատարման, այլև Մոցարտի, Բեթհովենի, Բրամսի, Մալերի և այլ մեծագույն դասականների լավագույն մեկնաբանությունների համար:

Նվագախումբն այս տարի աշնանը նախապատրաստում է Բեթհովենի ստեղծագործություններին նվիրված մեծ փառատոն:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վլադիմիր Ֆեդոսեևը նախ ասաց, որ շատ մտերիմ է եղել Էդգար Հովհաննիսյանի, Արամ Խաչատրյանի հետ, շատ են նվագել նրանց ստեղծագործությունները, լավ ճանաչել է մեր մեծագույն դիրիժորներից Օհան Դուրյանին:

Ֆեդոսեևը շեշտեց, որ շատ բարձր է գնահատում հայկական երաժշտական արվեստը․ - «Մեր նվագախմբի կազմում էլ Հայաստանի ներկայացուցիչներ ունենք՝ առնվազն 10 հրաշալի երաժիշտ»:

Վլադիմիր Ֆեդոսեևը համոզված է, որ անգամ մեր այս դժվարին ժամանակներում մարդիկ չեն կարող ապրել առանց արվեստի, առանց դասական երաժշտության․ - «Տեսեք, թե ինչ է կատարվում աշխարհում, բայց միևնույն է վստահ ենք, որ հատկապես երաժշությունը շատ բան կարող է փոխել այսաշխարհում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG