Մատչելիության հղումներ

Սեշընզը կտրականապես հերքում է ռուսների հետ իր կապերի մասին պնդումները


Ջեֆ Սեշընզը` Սենատում կայացած լսումների ժամանակ, 13-ը հունիսի, 2017 թ․

Ամերիկյան մամուլի տեղեկություններով, նախագահական ընտրություններին նախորդած ամիսներին Ջեֆ Սեշընզն առնվազն երեք անգամ հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ:

ԱՄՆ գլխավոր դատախազ և արդարադատության նախարար Ջեֆ Սեշընզը կտրականապես հերքում է այն մեղադրանքները, թե ինքը Ռուսաստանի իշխանությունների հետ ծրագրված մի դավադրության է մասնակցել, որի նպատակն է եղել միջամտել 2016 թվականի ամերիկյան նախագահական ընտրարշավին: Այս մասին Սեշընզը հայտարարեց երեկ երեկոյան ամերիկյան Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովում կազմակերպված լսումների ժամանակ:

«Ես երբեք չեմ հանդիպել, երբեք որևէ զրույց չեմ ունեցել Ռուսաստանի կամ մեկ այլ օտար պետության պաշտոնյայի հետ, որը կվերաբերեր Միացյալ Նահանգներում ընթացող որևէ նախընտրական արշավի որևէ կերպ միջամտելու հարցին: Ավելին՝ ես ոչ մի տեղեկություն չունեմ այն մասին, որ Թրամփի նախընտրական շտաբի անդամներից որևէ մեկը նման խոսակցության է մասնակցել»,- հայտարարել է Միացյալ Նահանգների արդարադատության նախարարը:

Ամերիկյան մամուլի տեղեկություններով, նախագահական ընտրություններին նախորդած ամիսներին Ջեֆ Սեշընզն առնվազն երեք անգամ`2016-ի ապրիլին, հուլիսին և սեպտեմբերին հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ: 2016-ի ապրիլին Վաշինգտոնի Mayflower հյուրանոցում կայացած հանդիպման մասին Սեշընզը արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ կազմակերպված լսումների ժամանակ չէր տեղեկացրել:

Նրա նման պահվածքը լրատվամիջոցների և դեմոկրատ կոնգրեսականների մոտ լուրջ կասկածներ էր առաջացրել, որ Թրամփի մերձավոր շրջապատն իրոք որոշակի ստվերային բանակցություններ է ծավալել Ռուսաստանի իշխանությունների հետ:

Այդուհանդերձ, երեկ Սեշընզը հայտարարում էր՝ եթե անգամ Կիսլյակի հետ նման հանդիպում եղել է, ապա դա այնքան հպանցիկ բնույթ է կրել, որ ինքը չի էլ հիշում: Ընդհանրապես՝ պետք է նկատել, որ Թրամփի մերձավոր զինակիցներից մեկը համարվող Սեշընզը երեկ Սենատում կայացած լսումների ժամանակ շատ վստահ էր հանդես գալիս` անգամ երբեմն նախահարձակ լինելով:

«Ենթադրությունը, թե ես մասնակցել եմ մի դավադրության, կամ տեղյակ եմ եղել նման մի դավադրության մասին, որի նպատակն էր Ռուսաստանի կառավարության հետ միասին վնաս պատճառել մեր երկրին, խաթարել ժողովրդավարության հիմքերը, սարսափելի և զզվելի սուտ է»,- լսումների ժամանակ հայտարարում էր Միացյալ Նահանգների արդարադատության նախարարը:

Սենատում կայացած լսումներն, ընդհանուր առմամբ, ընթացել են բավական թեժ մթնոլորտում: Դա հատկապես նկատելի էր սենատորների և արդարադատության նախարարի հարցուպատասխանի ժամանակ: Օրեգոնից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Ռոն Վայդենն, օրինակ, Սեշընզից փորձում էր պարզել` արդյո՞ք Ջեյմս Քոմիի` Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենի պաշտոնից հեռացումը «Ռուսական հետաքննությունը» տապալելուն միտված գործողություն չէր:

«Արդյո՞ք դուք տեղյակ էիք Հետաքննությունների դաշնային բյուրոյում կամ մեկ այլ պետական կառույցում առկա մտահոգությունների մասին, որոնք վերաբերում էին ձեր և ռուսների շփումներին ու ենթադրում էին, որ դուք պետք է զերծ մնաք այդ կապերի հետաքննությանը միջամտելուց»,- Սեշընզին նման հարց ուղղեց դեմոկրատ կոնգրեսականը, ինչին հետևեց բավական կոշտ պատասխան:

«Պարոն Քոմին թերևս ինքն էլ տեղյակ չէր, որ ես պաշտոնավարման առաջին իսկ օրը ինքնաբացարկ եմ հայտարարել, զերծ եմ մնացել այդ հետաքննությանը մասնակցելուն ուղղված բոլոր քայլերից, քննության նյութերին չեմ ծանոթացել, նույնիսկ տեղյակ չեմ եղել, թե ովքեր են քննիչները»,- հակադարձեց Սեշընզը: Իրավիճակն էլ ավելի թեժացավ, երբ Վայդենը հայտարարեց, թե Սեշընզը խուսափում է պատասխանել սենատորների հարցերին:

Ի վերջո, երբ կոնգրեսականները Սեշընզին մեղադրեցին հարցերից միտումնավոր կերպով խուսափելու և քննության համար կարևոր փաստերը թաքցնելու մեջ, արդարադատության նախարարը ստիպված եղավ հանդես գալ հատուկ պարզաբանմամբ: «Սենատոր Վայդեն, ես հարցերին պատասխանելուց չեմ խուսափում, ես պարզապես հետևում եմ արդարադատության նախարարությունում պատմականորեն ընդունված այն պրակտիկային, որի համաձայն՝ դու չես կարող գալ կոնգրեսական լսումների և բացահայտել Միացյալ Նահանգների նախագահի հետ դռնփակ հանդիպումների մանրամասները»,- հայտարարել է Ջեֆ Սեշընզը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG