Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Հրազդան քաղաքի 58-ամյա բնակիչ Վալերի Թորոսյանին վրաերթի ենթարկելու դեպքի մի շարք հանգամանքներ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Հրազդանի 16-ամյա բնակչին:
Քննչական կոմիտեն իր հաղորդագրությունում հիշեցնում է, որ հունիսի 8-ին Հրազդանի քաղաքապետարանին պատկանող «Նիսսան Տիանա» մակնիշի 444 LL 70 համարանիշի ավտոմեքենան Հրազդան քաղաքի Շահումյան փողոցում, Քաղսի գյուղից դեպի Հրազդան ընթանալիս, նախկին կաթի գործարանի մոտ, վրաերթի է ենթարկել ճանապարհը հատող հետիոտն Վալերի Թորոսյանին։ Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան ԲԿ» ՓԲԸ, որտեղ էլ գիտակցության չգալով մահացել է:
«Կոտայքի մարզային քննչական վարչությունում դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ նշված մեքենայի ղեկին գտնվել է 16 տարեկան պատանի, ով Հրազդան քաղաքի Շահումյան փողոցում դեպի Հրազդան ընթանալիս, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, վրաերթի է ենթարկել ճանապարհը հատող հետիոտնին», - ասված է հաղորդագրությունում: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ պատանուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ», և նա հարցաքննվել է։ Անչափահասի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։
Նախաքննությունը շարունակվում է, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռ չեն ստացվել, փոխանցում է Քննչական կոմիտեն:
Հիշեցնենք՝ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը անցած շաբաթ լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ վրաերթի հեղինակն իր որդին է: Շաբաթ օրը «Ազատության» հարցին՝ ինչո՞ւ է ծառայողական մեքենան վարել իր անչափահաս որդին, Հրազդանի քաղաքապետը պատասխանել է՝ տեղյակ չի եղել, հակառակ դեպքում թույլ չէր տա․ - «Մեքենան գտնվել է մեր բակում, վարորդը գործով այնտեղ չի եղել, երեխան բացակայությունից օգտվելով՝ իր հորաքրոջ աղջկան ուզեցել է հասցնել Երևանի ավտոկանգառ, այնտեղ էդ դեպքը պատահել է: Ես տեղյակ չեմ եղել, եթե տեղյակ լինեի, չէի թողնի»: