Մատչելիության հղումներ

Մխիթարյանը վստահ է՝ Հայաստանում եղած խնդիրները ժամանակի ընթացքում կլուծվեն


Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կարծիքով՝ Հայաստանն առաջ գնալու տեղ ունի, սակայն այն ինչ հիմա կա ինչ-որ առումով բավարար է, իսկ եղած խնդիրներն էլ ժամանակի ընթացքում կլուծվեն:

Աշխարհահռչակ հայ ֆուտբոլիստն այսօր ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գրասենյակում հանդիպել է Հայաստանի տարբեր մարզերից եկած երեխաների ու լսել նրանց խնդիրներն ու երազանքները: Մխիթարյանը պատասխանել է նաև «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով իրեն ուղղված հարցերին, դրանցից մեկի հեղինակը հետաքրքրվում էր՝ ինչ կփոխեր Մխիթարյանը հիմա Հայաստանում, եթե լիներ երեխա:

«Հիմա էլ եմ երեխա, այնպես չէ, որ շատ մեծ եմ, որովհետև բոլորս էլ մեր ծնողների համար երեխա ենք», - պատասխանել է նա։ - «Հնարավոր է, որ փոխելու շատ բան ունենայի, բայց նաև չունենայի: Բայց ինչ էլ որ հիմա Հայաստանը ունի, կարծում եմ, որ ինչ-որ չափով բավարար է, չնայած որ կատարելագործելու շատ տեղ կա: Կարծում եմ՝ բոլոր հարցերը ժամանակի ընթացքում կլուծվեն և այլևս խնդիրներ չեն լինի և Հայաստանը կլինի այն Հայաստանը, որը որ մարդիկ ուզում են տեսնել», - հավելել է Մխիթարյանը:

Մխիթարյանը նախորդ տարեվերջին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ «Յունիսեֆ»-ի կողմից նշանակվեց Հայաստանում բարի կամքի դեսպան: Ամբողջ աշխարհում երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հիմնադրամի կազմակերպած միջոցառմանը Մխիթարյանն իր օրինակը պատմելով կարծիք է հայտնել, որ Հայաստանում երեխաների կյանքն ավելի լավ է, քան օրինակ Եվրոպայում:

«Ես էլ եմ ունեցել մանկություն, որն անցել է Ֆրանսիայում, բայց կարող եմ ասել, որ Հայաստանում մանկություն ունենալն ավելի լավ է, ավելի հաճելի, քան Եվրոպայում կամ այլ երկրներում՝ անձամբ ինձ համար: Դրա համար ցանկացած երեխա պետք է ուրախ և երախտապարտ լինի, որ ապրում է Հայաստանում», - մեկնաբանել է ֆուտբոլային աստղը:

Վերջերս նախագահ Սերժ Սարգսյանի կողմից «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշանի արժանացած ֆուտբոլիստն ասել է՝ տեղյակ չէ, որ հանքարդյունաբերության հետևանքով աղտոտված օդն ու ջուրը երեխաների շրջանում լուրջ հիվանդությունների, այդ թվում՝ քաղցկեղի պատճառ են դառնում․ - «Ճիշտն ասած տեղյակ չէի այս հարցի վերաբերյալ, բայց հիմա արդեն տեղեկացա: Ճիշտ է, շատ ցավալի է լսել այսպիսի լուրի մասին, բայց ինչպես ասացի՝ «Յունիսեֆ»-ը, կարծում եմ, կփորձի օգնել այս երեխաներին, այնպես անել, որ նրանք իրենց երազանքներին և նպատակներին հասնեն»:

Դեռևս ամուրի Մխիթարյանը նաև ասել է, որ իր ապագա երեխաներին չի ստիպելու ֆուտբոլով զբաղվել: Դա հաճելի կլիներ, բայց կարևորը՝ լավ մարդ դառնան, ասել է մարզիկը՝ պատասխանելով նաև հարցին՝ արդյո՞ք խստապահանջ հայր է լինելու․ - «Ինձ թվում է՝ թե՛ որպես ծնող, թե՛ որպես ապագա հայր պետք է բալանսավորված լինես: Ինչ-որ տեղ պետք է մեղմ լինես, ինչ-որ տեղ՝ ջղային, քանի որ երեխայի լավ դաստիարակությունը բերում է երեխայի լավ ապագայի և լավ ստիմուլի կյանքում: Կփորձեմ լինել ավելի մեղմ»:

Հայկական ֆուտբոլի 28-ամյա առաջատարը նաև վստահեցրել է, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» իր համար ընտանիքի նման է, և այնտեղ որևէ մեկին շատ կամ քիչ սիրելու խնդիր չունի: Մխիթարյանը նաև պատմել է, թե իր գոլերից որն է ամենաշատը հավանել․ - «Ամենագեղեցիկը դեկտեմբերի 26-ին խփած իմ կարիճ հարվածով գոլն էր, իսկ եթե կարևորության մասին խոսենք, կարծում եմ, որ Եվրոպայի լիգայի եզրափակչի գոլն էր»:

Անգլիական լեգենդար ակումբի կազմում վերջերս «Եվրոպայի լիգա»-ի գավաթակիր Մխիթարյանն իր ֆուտբոլային կարիերայի լավագույն պահը չառանձնացրեց, վստահեցնելով, որ ամեն ինչ դեռ առջևում է:

«Լավ պահեր շատ եմ ունեցել, բայց կարծում եմ, որ դեռ էլ ավելի շատ լավ պահեր կունենամ և կփորձեմ ավելի ուրախացնել իմ ժողովրդին իմ լավ պահերով», - նշեց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG