Մատչելիության հղումներ

Հայկաձորցիները դեմ են խոշորացմանը, «գյուղը կկործանվի»


Հայկաձոր
Հայկաձոր

Հայ-թուրքական սահմանի մերձավորությամբ ապրող հայկաձորցիները վրդովված են՝ առանց իրենց կարծիքը հաշվի առնելու համայնքն աշնանը միավորելու են Մարալիկին։ «Ազատության» հետ զրույցում հայկաձորցիները դժգոհում էին, որ իրենց ոչ ոք չի բացատրել, թե այդ խոշորացումից ինչ են շահելու։

«Մանր է, բայց գինը ծանր է, թող մնա մանր, չենք ուզե խոշորնանք: Հետո էլ՝ ու՞մ կարծիքն են հարցրել, համայնքի որևէ բնակչի կարծիքը հարցրե՞լ են, որ խոշորացնեն տնտեսությունները: Ու՞մ է պետք: Սխալ բան է», «Խոշորացումը մենակ մի բանի կբերի՝ պտի արդեն ավտո ճարես, որ էրթաս էդ համայնքի ղեկավար գտնես, որ մի հատ սպրավկա վերցնես, դա արդեն լրիվ էս գյուղը կործանման է տանում, առանց էդ էլ արդեն 20 տուն դատարկ է», «Առանց տեղյակ լինելու մենք ի՞նչ գիտենք՝ լավ կլինի, թե չէ»,- բողոքեցին հայկաձորցիները:

Գյուղապետ Սեյրան Սմբատյանը ևս դեմ է խոշորացմանը, քանի որ մինչ օրս չի լսել, թե միավորված որևէ համայնք ինչ-որ բան է շահել: «Որպես համայնքի ղեկավար, որպես հայկաձորցի և որպես մարդ, չիմանալով, թե ի՞նչ լավ բան կտա [խոշորացումը], դեմ եմ, քանի որ ոչ մի խոշորացված համայնքից դեռևս նորմալ արձագանք չեմ ստացել, թե ինչ-որ տեղ շահել են: Մեր տարածաշրջանի համար՝ առավել ևս»,- ասաց գյուղապետը:

Նրա խոսքով, եթե խոշորացումն անխուսափելի է, ապա գոնե տարածաշրջանի գյուղերից մեկը պետք է կենտրոնական համայնք ընտրվի, ոչ թե Մարալիկը, որը Հայկաձորից բավական հեռու է․ «Ես նույնիսկ գրավոր առաջարկ եմ ներկայացրել, գոնե ներքևի տարածաշրջանում առանձին ինչ-որ մի փունջ լիներ, որպեսզի ավելի հասանելի լիներ, գոնե կործանումից մի փոքր կփրկվեինք»:

Գյուղապետը հոռետես է, կարծում է, որ խոշարացումից հետո համայնքից արտագաղթը կահագնանա: «Խոշորացումը, էն էլ էս կարգով, շատ վտանգավոր է, կլինի արտագաղթի մեծացում, դա պարտադիր: Մարդիկ նույնիսկ հոգեբանորեն պատրաստ չէն գնալ մինչև Մարալիկ՝ ինչ-որ տեղեկանքի համար»,- ասաց Սեյրան Սմբատյանը:

Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի գյուղերի մեծ մասը հայ-թուրքական սահմանի մոտ են։ Հայկաձորցիներն առաջարկում են խոշորացման փոխարեն գյուղի զարգացման իրատեսական ծրագրեր իրականացնել, որպեսզի իրենց արտագաղթած զավակներն էլ ընտանիքներով վերադառնան: Շիրակի մարզի խոշարացվող համայնքների ղեկավարները նամակով դիմել են կառավարությանը, այժմ գործադիրի պատասխանին են սպասում․ «Դեմ ենք, կառավարությանն ենք դիմել, համայնքների միությանն ենք դիմել, 16 համայնքով ստորագրել ենք»:

Առաջիկայում Հայաստանի տարբեր մարզերի 328 գյուղեր կմիավորվեն 34 համայնքներում: Ընդդիմադիր ուժերի կողմից քննադատության արժանացած օրինագիծն անցած շաբաթ առաջին ընթերցմամբ ընդունվեց Ազգային ժողովում։ Անցած տարի, հիշեցնենք, 140 գյուղեր միավորվեցին 18 համայնքների մեջ: Գործընթացն այն ժամանակ էլ էր ուղեկցվել գյուղացիների դժգոհությամբ և բողոքի ակցիաներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG