Մատչելիության հղումներ

HRW. Ռուսաստանում ֆուտբոլի աշխարհի առաջնության կառույցների շինարարներին շահագործում են


Ռուսաստան - Շինարարական աշխատանքները Սանկտ Պետերբուրգի մարզադաշտում, հոկտեմբեր, 2016թ․
Ռուսաստան - Շինարարական աշխատանքները Սանկտ Պետերբուրգի մարզադաշտում, հոկտեմբեր, 2016թ․

Ռուսաստանյան մարզադաշտերում, որտեղ տեղի կունենան 2017 թվականի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը և 2018-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, շինարարները շահագործվում են, խախտվում են նրանց աշխատանքային իրավունքները, պնդում է Human Rights Watch-ը: Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն ընդգծում է, որ Ֆուտբոլի ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) այդ մարզադաշտերում աշխատանքային պայմանների հարցով արդյունավետ ստուգումների հետ կապված խնդիրներ ունի:

«ՖԻՖԱ-ն խոստացել է իր միջազգային գործունեության օրակարգում ուշադրության կենտրոնում պահել մարդու իրավունքները: Արդյունքը, մինչդեռ, մխիթարող չէ», - ասում է Ջեյն Բյուքենենը՝ Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխտնօրենը: - «Շինարարներին շահագործում են, խախտվում են նրանց իրավունքները, սակայն առայսօր ՖԻՖԱ-ն չի ապացուցել, որ ի վիճակի է արդյունավետ ստուգումներ իրականացնել, նախազգուշացնել, շտկել նման իրավիճակները»:

Ֆուտբոլային գլխավոր մրցաշարը՝ աշխարհի առաջնությունը անցկացվելու է հաջորդ տարի ռուսաստանյան 15 քաղաքների 12 մարզադաշտերում, 32 թիմերի մասնակցությամբ: Իսկ աշխարհի առաջնությունից մեկ տարի առաջ էլ հունիսի 17-ից մինչև հուլիսի 2-ը Ռուսաստանում կանցկացվի Կոնֆեդերացիաների գավաթի մրցաշարը՝ 8 ազգային հավաքականների մասնակցությամբ, որը տեղի կունենա չորս քաղաքներում:

Human Rights Watch-ի 34-էջանոց զեկույցը պատմում է 6 մարզադաշտերում հայտնաբերված խախտումների մասին, մասնավորապես՝ աշխատավարձի չվճարում կամ վճարման ձգձգում, աշխատանք մինչև -25 աստիճանի սառնամանիքի պայմաններում և առանց պայմանագրի:

Շինարարների և ատաղձագործների համաշխարհային արհեստակցական միությունը արձանագրել է 2018 թվականի աշխարհի առաջնության մարզադաշտերի շինհրապարակներում բանվորների մահվան 17 դեպք: Շինհրապարակներում աշխատողները բազմիցս գործադուլներ են արել՝ պահանջելով իրենց աշխատավարձերը, այլ խախտումների դեմ:

Զեկույցը վկայաբերում է «վստահության արժանի մի շարք արևմտյան լրատվամիջոցների» հետաքննությունը, ըստ որի՝ Սանկտ Պետերբուրգի մարզադաշտի շինարարությունը իրականացրել են հյուսիսկորեացի բանվորները, ովքեր աշխատում էին նախատեսված ժամաքանակից ավելի, ունեին հատուկենտ հանգստյան օրեր, և նրանց ստիպում էին վաստակած գումարը փոխանցել Հյուսիսային Կորեայի կառավարությանը:

«ՖԻՖԱ-ն պնդում է, որ նման բանվորներ այլևս չկան ոչ Սանկտ Պետերբուրգում և ոչ էլ 2018-ի աշխարհի առաջնության այլ մարզադաշտերում, սակայն ոչ մի բառ այն մասին, թե ինչ քայլեր է ձեռնարկել՝ պաշտպանելու այդ մարդկանց կամ օգնելու նրանց», - նկատում է իրավապաշտպան կազմակերպությունը:

Իրավապաշտպանները նշում են, որ զրուցել են ինչպես տեղացի բանվորների, այնպես էլ օտարերկրացի՝ Կենտրոնական Ասիայից, Բելառուսից և Ուկրաինայից աշխատանքային միգրանտների հետ․ - «Նրանք միաբերան ասում էին, որ վախենում են բարձրաձայնել խախտումների մասին՝ գործատուի հետագա հաշվեհարդարից խուսափելու համար»:

Երկրպագուները, մարզիկները, մարզիչները և այլոք իրավասու են իմանալ, թե ովքեր են կառուցում այդ մարզադաշտերը և ինչ պայմաններում, առանց թափանցիկության խոսք անգամ չի կարող լինել մարդու իրավունքների լուրջ երաշխիքների մասին, ընդգծել է Բյուքենենը:

Human Rights Watch-ը հիշեցնում է, որ 2016-ին ՖԻՖԱ-ն խոստացել էր ռուսաստանյան իշխանությունների հետ միասին առաջին անգամ ստուգիչ համակարգ ստեղծել 2018-ի առաջնության համար կառուցվող մարզադաշտերում աշխատանքային պայմանների հարցով: «Ի պատասխան մեր հարցման՝ կազմակերպությունը ընդամենը մի քանի դետալ է ներկայացրել այդ համակարգի մասին, հայտնելով, որ մարզադաշտերում տասնյակ ստուգումներ է անցկացրել, և ներկայացրել է դրանցից ընդամենը երկուսը», - նշում է իրավապաշտպան կազմակերպությունը:

Human Rights Watch-ը շեշտում է, որ ՄԱԿ-ի ընդունված սկզբունքների համաձայն՝ ՖԻՖԱ-ն պարտավոր է հետևել մարդու իրավունքների ապահովմանը, խուսափել խախտումներին մասնակից լինելուց և հավուր պատշաճի ուղղել դրանք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG