Այն բանից հետո, երբ Բագրատաշենի մաքսակետով ադրբեջանական ծագման խնձոր և այլ գյուղմթերք առանց մաքսազերծման, կաշառքի դիմաց Հայաստան ներկրելու համար 8 անձի մեղադրանք առաջադրվեց և մաքսակետի պաշտոնյաներ կալանավորվեցին, սահմանային անցակետում առաջացած լարվածությունը դեռ չի մարել։
Ժամանակ առ ժամանակ Վրաստանի սահմանին հարակից բնակավայրերի բնակիչները, որոնց համար շուկան սահմանի մյուս կողմում է, բողոքի ակցիաներ են կազմակերպում, անգամ միջպետական ճանապարհ փակում, ասելով, թե վերջին 2 ամսում մաքսակետը նոր արգելքներ է սահմանել իրենց համար։ «Չէ, մեկ ա, ես գնամ էլ, չեմ վճարելու, կաչկով կկրեմ, բայց չեմ տա»,- ասում է տեղացի առևտրականներից մեկը:
2800 բնակիչ ունեցող Բագրատաշենի վարչական ղեկավար Արկադի Մակյանը հաստատում է՝ իրենց բնակիչների կյանքը զգալիորեն դժվարացել է։ «Գոնե ջահելությունը դրանով տուն ա պահել, հիմա որի հետ խոսում ես, ասում ա՝ չեն թողնում, գնալու եմ գյուղից»,- նշում է գյուղապետը։
Բագրատաշենում մաքսային տեսուչների ու հերթափոխի պետի գործողությունների հիմքով քրեական գործի հարուցումից և մաքսակետի պետի պաշտոնանկությունից հետո այդ պաշտոնում նշանակված Հովհաննես Հարությունյանը, ով 2 շաբաթ առաջ է ստանձնել պարտականությունները, Վրաստանի հետ սահմանակից գյուղերի բնակիչներին հակադարձում է՝ օրական 8-10 տոննա գյուղմթերք են ներկրում Հայաստան, «արդյունքում հայաստանցի արտադրողն է տուժում»։
«Առևտրականները ցանկանում են առանց մաքսային ձևակերպումների, ապրանքների որոշակի քանակություն անցկացնել: էդ ապրանքները, փաստորեն, արտոնյալ ձևով են ուզում են մտցնել․ ոչ հարկ, ոչ տուրք, ոչ մաքսավճարներ, այսինքն՝ այդ ապրանքները մարդիկ իրենց անձնականի համար չեն ներկրում, այդ ապրանքները գալիս են կոնկրետ չգրանցված ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար»,- ասում է մաքսակետի նոր պետը։
Բագրատաշենի կենտրոնում առևտուր անող կանայք, որոնք մեկ ամիս առաջ բողոքում ու փորձում էին ճանապարհ փակել, պնդում են՝ ամսեկան շատ քիչ քանակությամբ միրգ ու բանջարեղեն են ներկրել, գյուղի կենտրոնում վաճառել ու ընտանիք պահել։ Խնդիրներ չեն ունեցել: Մինչև 50 կգ ապրանքի համար իրենցից մաքսավճար չեն պահանջել։ Բայց հիմա անցակետում, հղում կատարելով 2015 թվականից գործող օրենքին՝ արգելում են ապրանք բերելու համար ամիսը մեկ անգամից ավելի չափով սահմանը հատել։ Սահմանային անցակետի անցուդարձին տեղյակ կանայք սրտնեղած են՝ գործն էլ առաջվա պես չի գնում։ «Ոչ մի օրենք էլ չկա, սաղ իրանց ձեռն ա։ Սուտ ա սաղ։ Էդ ես 100 տոկոսով գիտեմ։ Էսքան ժամանակ աշխատել եմ, ոչ մի անգամ ինձ չեն նեղացրել, հիմա սկսել են․․․»:
Բագրատաշենի վարչական ղեկավարը նույնպես չի հավատում, թե մաքսակետում ամեն ինչ օրինական կերպով է արվում: Կասկածներն առևտրով զբաղված իր համագյուղացիների հետ զրույցներից են առաջացել: «Էդ նույն մարդիկ ինձ էս ձևի են պատասխանում՝ ասում են ես ռաստամոժկա եմ անում, տանում Մալաթիա, տեսնում եմ՝ ինչ գնով Սադախլո առել եմ, նույն գնով Մալաթիա ծախում են։ Ինչպե՞ս ա պատահում, որ Մալաթիա էլի նույն գնով վաճառում են։ Դուք ինձանից լավ գիտեք՝ ոնց ա պատահում»,- ասում է գյուղապետը։
Մինչդեռ, մաքսակետի նորանշանակ ղեկավարը «միանշանակորեն» պնդում է՝ առանց մաքսազերծման որևէ ապրանք շուկայում հայտնվել չի կարող։ «Ուղղակի չի կարող այդպես լինել։ Եթե նրանք փաստեր ունեն, թող դիմեն համապատասխան մարմիններին, թող զբաղվեն։ Դա արդեն լուրջ հարց ա։ Դա մեղադրանք ա, որն ուղղակի ասելով չի էլի»,- ասում է Հովհաննես Հարությունյանը։
Հատուկ քննչական ծառայությունում կաշառքի մեղադրանքով քննվող գործին մաքսակետի նորանշանակ պետը հետևյալ բնորոշումն է տալիս․ «Թյուրիմացություն ա, աշխատանքային դիրքում թերանալ։ Հիմա քննություն ա գնում, բերեք թողնենք, կորոշեն՝ դա ինչ երևույթ էր, ինչ եղավ»։