Մատչելիության հղումներ

Տաջիկստանում ամենաշատը վաճառվում են նախագահ Ռահմոնի գրքերը


Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի գրքերը, Դուշանբե, հունիս, 2017թ․
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի գրքերը, Դուշանբե, հունիս, 2017թ․

Տաջիկստանի առաջնորդի գրչին պատկանող գրքերը, ինչպես նաև նրա կյանքի ու գործունեության մասին ստեղծագործությունները՝ բեսթսելեր Դուշանբեի գրախանութներում:

Գրավաճառները պատմում են, որ վերջին տարվա ընթացքում՝ բացառությամբ օգոստոս և սեպտեմբեր ամիսների, երբ մեծանում է դպրոցական դասագրքերի պահանջարկը, ամենաշատը վաճառվում են Տաջիկստանի նախագահի հեղինակած գրքերը:

«Օրական վաճառվում է մինչև 10 պատմական գիրք, դրանց մեծամասնության հեղինակը նախագահն է», - «Ազատություն» ռադիոկայանի տաջիկական ծառայության հետ զրույցում պատմել է Դուշանբեի կենտրոնում գտնվող «Օշյոնի Դոնիշ» գրախանութի տնօրենը:

Վերջին 25 տարիներին Էմոմալի Ռահմոնը ոչ միայն անընդմեջ երկիր է ղեկավարել, այլ նաև գրքեր է հեղինակել՝ թվով 20 գիրք՝ հիմնականում հայրենակիցների մասին: Ինչպես նշում է «Ազատության» տաջիկական ծառայությունը, այդ գրքերը առանձնանում են բարձրորակ տպագրությամբ, լույս են տեսնում մեծ տպաքանակով և արժեն 40-80 սոմոն, որը համարժեք է 5-10 դոլարին: Դրանցից ամենաթանկը «Տաջիկները պատմության հայելում» վերտառությամբ գիրքն է, որը ներկայացնում է տաջիկ ժողովրդի բազմադարյա պատմությունը:

Նախագահ Ռահմոնի գրքերը թեև տասնյակ լեզուներով թարգմանվել ու աշխարհով մեկ են սփռված, այդուհանդերձ, մեծ ժողովրդականություն են վայելում մասնավորապես տաջիկ պաշտոնյաների և ուսուցիչների շրջանում:

Տաջիկստանի շրջաններից մեկի ղեկավար Լուտֆուլո Խոնջանզարը «Ազատության» հետ զրույցում հպարտությամբ նշել է, որ պաշտոնը ստանձնելուց հետո առաջին գործը նախագահ Ռահմոնի ստեղծագործությունները ձեռք բերելն էր:

«Նույնիսկ հենց հիմա՝ Դուք ինձ զանգահարել եք, և իմ ձեռքում Ազգի առաջնորդի գիրքն է՝ իմ սեղանի գիրքը, որը անչափ կարևոր է քարոզչական գործունեության, նոր սերնդի հայրենասիրական կրթության գործում», - ասել է տաջիկ պաշտոնյան:

Ավտորիտար ռեժիմ ունեցող Տաջիկստանի նախագահի հեղինակած գրքերը ոչ միայն «սերունդներ են կրթում», այլ նաև աշխատասենյակներ ու դասասենյակներ են զարդարում:

Երկրի նույնիսկ ամենահեռավոր գյուղերում դժվար է գտնել մի կրթօջախ կամ պետական կառույց՝ առանց նախագահի հեղինակած բազմահատոր գրքերով ծանրացած գրապահարանի:

Տաջիկ «ընթերցասերները», սակայն, դրանով չեն բավարարվել: Անցյալ տարի երկրում նաև Ռահմոնի գրքի հուշարձանը տեղադրվեց: Բացված գրքի տեսք ունեցող հսկայական քանդակը կշռում է մեկ տոննա, ունի 4 մետր բարձրություն և 6 մետր լայնություն:

Հաղորդվում է, որ նախաձեռնության հեղինակները նախ ցանկանում էին նախագահի հուշարձանը կանգնեցնել, սակայն Տաջիկստանի օրենքները չեն թույլատրում հուշարձան կանգնեցնել Ազգի առաջնորդին նրա կենդանության օրոք:

Նախկինում կոլխոզի նախագահ 65-ամյա Էմոմալի Ռահմոնը պաշտոնապես հռչակվել է «Տաջիկստանի խաղաղության և ազգային միասնության հիմնադիր»: 2015 թվականին նա ստացել է «Ազգի առաջնորդի» կոչում և ցմահ ազատվել քրեական պատասխանատվության ենթարկվելուց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG