Մատչելիության հղումներ

Կատարի ճգնաժամը՝ աշխարհի ուշադրության կենտրոնում


Կատառի մայրաքաղաք Դոհայում որոշ ապրաքների պակաս է նկատվում, Ալ Միրա շուկա, Դոնա, 10 հունիսի, 2017թ.

ԱՄՆ-ի դիրքորոշումը հակասական է:

Պարսից ծոցի տարածաշրջանում վերջին օրերին ծագած ճգնաժամը հետզհետե ավելի է սրվում, արաբական աշխարհի մի հսկայական հատված պատժամիջոցների է ենթարկում Կատարին՝ այդ փոքր և գերհարուստ պետությանը մեղադրելով ահաբեկիչներին սատարելու մեջ: Ըստ փորձագետների, ճգնաժամի հիմքում Պարսից ծոցում ազդեցության պայքարն է: Բայց առկա են նաև այլ պատճառներ:

Պարսից ծոցի տարածաշրջանում սուննի մահմեդականների առաջնորդ Սաուդյան Արաբիան և շիա մահմեդականների շահերը պաշտպանող Իրանը տասնամյակներ շարունակ ներքաշված են դավանաբանական, դիվանագիտական, քաղաքական և տնտեսական հակամարտության մեջ:

Կատարը հերքում է «Իսլամական պետությանը» և «Ալ-Ղայիդային» աջակցելու՝ Սաուդյան Արաբիայի մեղադրանքը, մինչդեռ, Կատառի դեմ Սաուդյան Արաբիայի սահմանած պատժամիջոցներին միացել են Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եմենը, Եգիպտոսը:

Կատարի դիվանագետներին և շարքային քաղաքացիներին արտաքսում են, օդային կապն արգելափակում է, առևտուրը սառեցվում է: Սա նաև մարդասիրական ճգնաժամ է առաջացրել, քանի որ տասնյակ հազարավոր կատարցիներ ապրում և աշխատում են վերը նշված երկրներում:

Սաուդյան Արաբիայի ոխերիմ թշնամին Իրանն է, իսկ Կատարը չի ցանկանում ներքաշվել այդ երկրի և արաբական մյուս պետությունների վեճի մեջ: Միջնորդի դեր է ստանձնել Քուվեյթը, որի էմիրը հորդորում է բոլորին մեղմել վիճակը:

Իրանը սկսել է արդեն մարդասիրական օգնություն՝ պարեն և առաջին անհրաժեշտության այլ ապրանք ուղարկել Կատար: Օգնություն է առաքում նաև Թուրքիան:

«Ոմանց դուր չի գալիս, որ մենք համերաշխ ենք մեր կատարցի եղբայրների հետ, սնուդ և դեղորայք ենք ուղարկում, բայց մենք շարունակելու ենք օգնել Կատարին»,- անցած ուրբաթ օրն ասել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ռուսաստանն ավելի չեզոք է արտահայտվել, թեպետ, ըստ վերլուծաբանների, հակված է սատարել Կատարին:

«Մենք բոլոր կողմերին հորդորում ենք հարցը լուծել փոխադարձ հարգանքի մթնոլորտում՝ բանակցությունների սեղանի շուրջ», - ասել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ով շաբաթ օրը Մոսկվայում ընդունել է իր կատարցի պաշտոնակից Մուհամադ բին Աբդուլ Ռահման Ալ Թհանիին:

Վերջինս երկրորդել է, ասելով, որ Կատարը պատրաստ է բանակցել Պարսից ծոցի համագործակցության խորհրդի շրջանակներում:

Միացյալ Նահանգների դիրքորոշումը հստակ չէ՝ մի կողմից պետական քարտուղար Ռեքս Թիլերսոնն ասել է, թե շրջափակումը մարդասիրական ճգնաժամ է առաջացնում:

«Մենք կոչ ենք անում Սաուդյան Արաբիային, Արաբական Միացյալ Էմիրություններին, Բահրեյնին և Եգիպտոսին դադարեցնել շրջափակումն», - ասել է Թիլերսոնը:

Կատարում տեղակայված է ամերիկյան ռազմաբազան: Թիլերսոնի խոսքերով, այս շրջափակումը խոչընդոտում է նաև «Իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի պայքարը:

Մինչդեռ, նախագահ Դոնալդ Թրամփը Կատարին, փաստորեն, մեղադրել է ահաբեկիչներին սատարելու մեջ:

«Կատարի պետությունը, ցավոք, իր պատմության ընթացքում միշտ ֆինանսավորել է ահաբեկչությունը ամենաբարձր մակարդակով: Անհրաժեշտ է դադարեցնել ահաբեկչության ֆինանսավորումը, եկել է ժամանակը, որ ես Կատարին կոչ անեմ դադարեցնել ֆինանսավորումը, նրանք պետք է դադարեցնեն ահաբեկչության և ծայրահեղական գաղափարախոսության ֆինանսավորումը»,- հայտարարել է Թրամփը:

Bloomberg վերլուծական կայքի փոխանցմամբ, նախագահի և պետքարտուղարի մեկնաբանություններում ակամա ի հայտ է եկել տարաձայնություն, որը Վաշինգտոնը պետք է շտկի, այսօրվա դրությամբ այն, ձեռնտու է միայն Սաուդյան Արաբիային:

Տարածաշրջանի զարգացումներին հետևող վերլուծաբանների համոզմամբ, Սաուդյան Արաբիայի դժգոհությունը բացատրվում է ոչ միայն Իրանի հարցում Կատարի որդեգրած զուսպ դիրքորոշմամբ, այլև «Ալ Ջազիրա» մեդիա-ընկերության գործոնով:

Ռիյադում ենթադրում են, որ Կատարում տեղակայված և ամբողջ աշխարհով սփռվող այդ հեռուստակայանը նպատակ ունի փոխել տարածաշրջանի դրվածքը, նախաձեռնել երկխոսություն, ազատ մտքերի արտահայտում, ասել է թե՝ առաջ տանել «արաբական գարնան» գաղափարները, որոնք կարող են հանգեցնել ընդվզումների և ռեժիմների փոփոխության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG