Թբիլիսիի դատարանը այսօր ազատ է արձակել «Բիրժա Մաֆիա» անունը կրող ռեփ-խմբի անդամներին, որոնց ոստիկանությունը ձերբակալել էր երկու օր առաջ` «էքստազի» տեսակի թմրանյութի տարածման մեղադրանքով:
Ռեփերների ձերբակալությունից անմիջապես հետո հազարավոր երիտասարդներ էին դուրս եկել Թբիլիսիի, Բաթումիի և Քութաիսիի փողոցներ` «Ոչ ոստիկանական պետությանը» կարգախոսների ներքո: Ռեփերների ձերբակալությունը քննադատել էր նաև իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի որդին` ռեփեր Բերան: Այսօր արդեն թմրանյութերի դեմ պայքարի ասպարեզում գործող ազգային օրենսդրությունը ազատականացնելու կոչով է հանդես եկել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
Ռեփերները պնդում են, որ իրենց դեմ հարուցված գործը շինծու է, քանի որ ոստիկանությունը ցանկացել է վրեժխնդիր լինել խմբի վերջին տեսահոլովակի համար, որտեղ իրավապահներին նվաստացնող կադրեր կան: