Մատչելիության հղումներ

ՀՀ ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել Չեռնոգորիայից հայ ֆուտբոլասերների վրա հարձակման գործով


Լուսանկարը՝ FAF-ի ֆեյսբուքյան էջից

Պոդգորիցայից վստահեցրել են, որ մեղավորները պատժվելու են։

Ֆուտբոլի ազգային հավաքականին աջակցելու համար շաբաթ օրը Չեռնոգորիա մեկնած հայ երկրպագուների FAF՝ Առաջին ճակատ ակումբի մի քանի անդամներ խաղից հետո տեղացիների կողմից հարձակման են ենթարկվել, ստացած վնասվածքից հայ երկրպագուներից մեկը հոսպիտալացվել է, ևս մեկին էլ ոստիկանները բերման են ենթարկել։

Երկրպագուների 40 հոգանոց խումբը դեռ Հայաստան չի վերադարձել։ FAF ակումբի առաջնորդ Սերգեյ Ջանջոյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ հարձակումը տեղի է ունեցել շատ անսպասելի՝ մարզադաշտից հեռանալու ընթացքում։

«Տղաներ, երեխաներ, աղջիկներ... շարժվում ենք խառը, մեկը ընկերոջ հետ է զրուցում, մյուսը՝ երեխային գրկած, հարձակումը տեղի ունեցավ, դրոշը վերցրեցին առաջին անգամ, ծաղրի տեսքով, բարձր պարզելով, ոգևորված ինչ-որ շարժումներ արեցին, որից հետո՝ հայհոյանքների տարափ, վանկարկումներ։ Դրոշը վերցնելուց հետո բառաբանով [թմբուկով] հարված ստացան, ու բախումը տեղի ունեցավ», - ասաց Ջանջոյանը։

Հոսպիտալացված երկրպագուն արդեն դուրս է գրվել, իսկ բերման ենթարկվածին ոստիկանները կարճ ժամանակ անց ազատ են արձակել։

Միջադեպն, ըստ FAF-ի, տեղի է ունեցել մարզիչների ասուլիսի ընթացքում, հայկական և տեղական լրատվամիջոցները ներկա չեն եղել։

Ըստ Ջանջոյանի, խաղի ընթացքում տրիբունայում լարվածություն չի եղել, սակայն հանդիպումից հետո հայտարարվել է, որ հայ երկրպագուները մարզադաշտից պետք է դուրս գան 30 րոպե ուշ։

«Մեզ պահեցին ավելի երկար՝ 35-ից 40 րոպե, որից հետո արդեն ամբողջովին մաքրած էր գլխավոր փողոցը, որով պետք է շարժվեինք դեպի մեր ավտոբուս, այդ ընթացքում հարձակումը տեղի ունեցավ։ Նրանք պատրաստ էին, որ ինչ-որ բան լինելու է, նրանք սպասում էին։ Բախումը 5-ից 6 րոպե տևեց, որից հետո ոստիկանությունը ոչ թե կողմերին բաժանեց, այլ երկու կողմին էլ հարվածներով հեռացրեց», - «Ազատության»-ը պատմեց FAF ակումբի առաջնորդը։

Հայ երկրպագուներից որևէ մեկը Չեռնոգորիայի ոստիկանություն այսօր չի կանչվել։

Հայաստանի արտգործնախարարությունն արդեն պարզաբանումներ է պահանջել Չեռնոգորիայի իշխանություններից։ Նախարարության խոսնակ Տիգրան Բալայանի փոխանցմամբ, Պոդգորիցայից վստահեցրել են, որ մեղավորները պատժվելու են։

«Չեռնոգորիայի իշխանությունների կողմից տրամադրված պաշտոնական տեղեկությունների համաձայն, տեղի է ունեցել միջադեպ երկու Չեռնոգորիայի քաղաքացի անչափահասների միջև և Հայաստանի երկու քաղաքացիների միջև՝ մեկ կնոջ և տղամարդու, տղամարդու աչքի մի մասը վնասված է եղել, անմիջապես ցուցաբերվել է բուժօգնություն, որևիցե բողոք անչափահասների դեմ չի ներկայացվել, ամեն դեպքում՝ Չեռնոգորիայի օրենսդրությամբ նախատեսվում է, որ այդ անչափահասները կենթարկվեն վարչական պատասխանատվության», - «Ազատության»-ը ասաց Բալայանը։

Նախարարության խոսնակը վստահեցնում է, որ արտգործնախարարությունը շարունակում է ուշադրությամբ հետևել զարգացումներին, կապի մեջ է տեղի իշխանությունների հետ և անհրաժեշտության դեպքում աջակցություն կցուցաբերի առայժմ Հայաստան չվերադարձած երկրպագուներին։

«Ռումինիայի դեսպանությունը, որը համատեղության կարգով նաև հավատարմագրված է Չեռնոգորիայում, կապի մեջ է հայ համայնքի միջոցով մեր ֆուտբոլասերների հետ, ինչպես նաև կապ է հաստատել Չեռնոգորիայի իշխանությունների հետ։ Քանի որ մեր քաղաքացիներն են ներգրավված այդ միջադեպում, մեր ուղիղ գործառույթների մեջ է մտնում մեր քաղաքացիներին աջակցելը», - ասաց Բալայանը։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առայժմ չի մեկնաբանել միջադեպը։

Շաբաթ օրը կայացած ֆուտբոլային հանդիպումը, հիշեցնենք, Հայաստանի համար հիանալի առիթ էր 2018 թվականին Ռուսաստանում անցկացվող Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար։ Խոշոր՝ 4-1 հաշվով տան տերերին զիջելուց հետո, Հայաստանն այժմ 6 միավորով խմբի նախավերջին հորիզոնականում է։ Վերջին 4 խաղերից առաջ մեր ընտրանին առաջատար Լեհաստանին զիջում է 10 միավորով, անցողիկ երկրորդ հորիզոնականի թիմերից էլ հետ է մնում 4 միավորով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG