Մատչելիության հղումներ

Հաղարծինով անցնող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ավարտված են


Ճանապարհաշինական աշխատանքներ Հայաստանում, արխիվ
Ճանապարհաշինական աշխատանքներ Հայաստանում, արխիվ

Տավուշի մարզի Հաղարծին համայնքով անցնող միջպետական ավտոճանապարհի շուրջ 5 կիլոմետրանոց հատվածի երթևեկելի մասի հիմնանորոգման աշխատանքներն ավարտված են։ Այդ մասին հաղորդում է Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը՝ հավելելով․ - «Ընդամենը մեկ ամսվա ընթացքում գրեթե անանցանելի ճանապարհը հիմնովին նորոգված է»։

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ում անմիջական հսկողությամբ էին կատարվում աշխատանքները, հերթական անգամ այցելել է այս ճանապարհահատված՝ աշխատանքների արդյունքին տեղում ծանոթանալու նպատակով։

«Աշխատանքը շատ բարձր որակով է կատարվել։ Մեկ ամիս առաջ այս ճանապարհը շատ վատ վիճակում էր, լրատվամիջոցները և համացանցային տիրույթը հեղեղված էին ճանապարհի լուսանկարներով։ Այսօր տեսանելի է կատարված աշխատանքը։ Մնացած գնահատականը կարող է ժողովուրդը տալ», - նշել է Մարտիրոսյանը։

«Միջպետական մայրուղու այս հատվածում փոսալցման աշխատանքների ծավալներն այնքան մեծ էին, որ գերազանցում էին 18 տոկոսը, այն դեպքում, որ 2․5 տոկոսից ավելի չպետք է լիներ։ Այդ պատճառով որոշում կայացվեց ճանապարհի 4․8 կմ երկարությամբ հատվածը հիմնանորոգել», - ասված է հաղորդագրությունում:

Ընտրվել է հիմնանորոգման ռեսակլերով եղանակը։ Ջրահեռացման աշխատանքների ավարտից հետո սառը մշակման եղանակով ամրացվել է հիմքը։ Դրանից հետո տեղադրվել է 5 սմ հաստությամբ ներքին խոշորահատիկ ասֆալտի շերտը, ապա՝ 4 սմ հաստությամբ վերին մանրահատիկ ասֆալտբետոնե ծածկը։

Ներկայումս վերանորոգվում են արգելափակոցները, լցվում և խտացվում են կողնակները, առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կտեղադրվեն ճանապարհային նշանները և կկատարվեն նշագծումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG