Մատչելիության հղումներ

ԵՄ-Ուկրաինա ոչ-վիզային ռեժիմը մտավ ուժի մեջ


Բելգիա/ԵՄ/Ուկրաինա - Ուկրաինացիները Բրյուսելի օդանավակայանում տոնում են Եվրամիության հետ ոչ-վիզային ռեժիմը, 11-ը հունիսի, 2017թ․
Բելգիա/ԵՄ/Ուկրաինա - Ուկրաինացիները Բրյուսելի օդանավակայանում տոնում են Եվրամիության հետ ոչ-վիզային ռեժիմը, 11-ը հունիսի, 2017թ․

Ուկրաինան երեկվանից տոնում է Եվրամիության հետ վիզաների ազատականացումը, որը թույլ է տալիս երկրի 45 միլիոն բնակիչներին անարգել մտնել Շենգենյան տարածք և մնալ այնտեղ 90 օր:

«Սրանով մեր երկիրը վերջնականապես դուրս եկավ ռուսական կայսրությունից», - պնդում էր երկրի նախագահ Պետրո Պորոշենկոն: - «Հետ դեպի ԽՍՀՄ» ՝այս բառերը այսուհետ կլսենք միայն «Բիթլզ»-ների ձայնագրություններում: Մենք երբեք չենք վերադառնա Խորհրդային Միություն, որովհետև լինելով հպարտ, ազատ և ժողովրդավարական ազգ՝ վերադառնալու ենք եվրոպական ընտանիք: Վստահ եմ, որ Ուկրաինան դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ, լինելու է Եվրամիության կազմում, և ոչինչ ու ոչ ոք երբեք մեր ընթացքը չի կասեցնելու»:

Չորս տարի առաջ, երբ Ուկրաինայի նախորդ կառավարությունը հրաժարվեց ստորագրել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը, երկրում բողոքի զանգվածային ցույցեր սկսվեցին՝ ստիպելով նախագահ Վիկտոր Յանուկովիչին հրաժարական տալ: Նոր նախագահը՝ Պետրո Պորոշենկոն, իշխանավարման առաջին իսկ օրից է հայտարարում եվրոպական ինտեգրացիան ամրապնդելու և այդ նպատակով բարեփոխումներ իրականացնելու մասին:

«Ճանապարհը դժվարին էր, երկար, բայց՝ արդյունավետ», - շնորհավորելով ուկրաինացիներին՝ փաստեց Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը: - «Վիզաների ազատականացումը է՛լ ավելի կմոտեցնի ուկրաինացիներին Եվրոպային՝ ամրապնդելով ոչ միայն մարդկանց միջև կապը, այլև հրաշալի հնարավորություններ ստեղծելով գործարարների, գիտնականների ու համալսարանների համար: Սա նաև ապացուցում է, որ բարեփոխումներ կատարելու՝ Ուկրաինայի հանձնառությունից առաջին հերթին և մշտապես իր իսկ ժողովուրդն է շահելու»:

«Մենք հասանք այս վճռորոշ կետին, քանի որ Ուկրաինայում իշխանությունը իրագործեց իր ժողովրդի պահանջած բարեփոխումները, Եվրամիությունն էլ մնաց խոստմանը հավատարիմ», - ընդգծում էր Եվրամիության արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինին, հիշեցնելով՝ Բրյուսելը պատրաստ է ավելին տալ այն երկրներին, որոնք կդառնան ավելի ժողովրդավար՝ եվրոպական չափանիշներին համապատասխան: «Սա մի գործընթաց է, որ մենք կոչում ենք շահեկան միաժամանակ երկու կողմի համար: Վիզաների ազատականացումը նոր հնարավորություններ կբացի բոլորի առջև՝ ամրապնդելով մեր տնտեսություններն ու բարեկամությունը», - հայտարարեց Մոգերինին:

Երեկ կեսօրին արդեն հազարավոր ուկրաինացիներ էին օգտվել այս արտոնությունից՝ հատելով սահմանը Եվրամիության հետ, հաղորդեց երկրի արտգործնախարարության հյուպատոսական բաժինը: Առանց վիզայի առաջին չվերթով Բրյուսել ժամանած ուկրաինացիներից շատերն էին տպավորված:

«Շատ ոգևորված եմ ու երջանիկ, որ Ուկրաինան Եվրամիության հետ Ասոցացման պայմանագիր ունի և գնում է դեպի եվրոպական ինտեգրացում», - ասում էր նրանցից մեկը:

«Իսկապես, հրաշալի է, երբ կարող ես ճանապարհորդել առանց սահմանափակումների, հարկավոր է միայն անձնագիր ունենալ և վերջ, սա նշանակում է, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք գնում և նույն մակարդակի վրա ենք եվրոպացիների հետ, ինչն իսկապես մեծ ուրախություն է պատճառում», - շեշտում էր մեկ այլ ուկրաինուհի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG