Մատչելիության հղումներ

Գյուլագարակում շատերը գործազուրկ են, դժգոհում են ապրուստից, բայց լավատեսներ էլ կան


Տեսարան Գյուլագարակից, լուսանկարը՝ «Վիկիպեդիա»-ի
Տեսարան Գյուլագարակից, լուսանկարը՝ «Վիկիպեդիա»-ի

Սիրուշը Լոռու մարզի ամենամեծ գյուղերից մեկի՝ Գյուլագարակի կենտրոնում մթերային փոքրիկ խանութ ունի։ Գյուղատնտեսությունից երես է թեքել ու գյուղ եկող զբոսաշրջիկների վրա հույս դնելով՝ առևտուր է սկսել։ Բայց միևնույն է՝ համոզված է, որ գյուղացին լավ ապրելու հնարավորություն չունի, անկախ հանգամանքից՝ առևտրով է զբաղված, թե հողագործությամբ։

«Կարա՞ լավ ապրի գյուղացին։ Չարչարվում ա, ստեղծում ա, անում ա, մի տարի կարկուտն ա տանում, մի տարի երաշտն ա տանում, ո՞վ ա կարում լավ ապրի։ Էս էլ, որ բիզնես ունենք, ո՞վ ա առնում։ Կեսից շատը թափում ենք»,- ասում է Սիրուշը։

Հավաքված գյուղացիներն էլ, հողից հույսները կտրած, ամռան կեսին գյուղամիջում նստած պարապ-սարապ զրույցի էին բռնվել։ «Բացարձակ բերքի սպասելիք չկա։ Ոչ մի աշխատատեղ, ոչ մի բան։ Ո՞վ ա աշխատում ստեղ։ Գործազուրկ, գործազուրկ, գործազուրկ... (մատնացույց է անում բոլորին)։ Այսինքն, դա ապրել չի, գոյատևել ա։ Գոյատևում ենք»,- ասում է գյուղացիներից մեկը։

Մինչդեռ, Գյուլագարակի միջնակարգ դպրոցի 26 տարվա տնօրեն Գառնիկ Մատինյանը նշում է, թե աշխատող մարդը միջոց կգտնի՝ «Գյուղում էլ աշխատում են, արարում են, ստեղծում են, դպրոց են պահում, տուն են պահում, ընտանիք են պահում, փառք Աստծո»։ Ասում է ու միևնույն ժամանակ հաստատում, որ հողին կպչելը բարդ է։ «Ամեն մարդ չի, որ կարող է հողի հետ գլուխ դնել, այսպես ասած, քյալլա տալ, որ կարողանա ապրուստ անի, տուն պահի։ Իսկ գյուղում ուրիշ ոչ մի բան չես կարողանա անել, առևտուրը էդքան զարգացած չի, բնությունն էլ մի կողմից ա իրանն անում՝ կարկուտ, արև, անձրև...»:

15-ամյա Տաթևիկը դպրոց քննության էր եկել։ Ասաց՝ որոշել է իրավաբան դառնալ, բայց ընտանիքում վստահ են, որ ուսման վարձի համար գյուղում գումար չեն վաստակի, ու հայրն այս տարի առաջին անգամ արտագնա աշխատանքի է մեկնել։ Ասում է՝ իրավաբան կդառնա, բայց գյուղում մնալու հարցում կասկածներ ունի։ «Գյուղում մնալը որոշ չափով լավ ա, որոշ չափով՝ դժգոհություններ ունեմ։ Ժամանցի հնարավորություն չկա»,- ասում է աղջիկը։

Գյուլագարակի դպրոցում 310 աշակերտ է սովորում։ Խորհրդային տարիներին աշակերտների թիվը կրկնակի ավելի է եղել։ 1988-ի երկրաշարժից տուժած գյուղից մեծ թվով արտագաղթողներ են եղել, բայց դպրոցի տնօրենը վստահեցնում է՝ վերջին շրջանում ծնելիությունն ավելացել է, և անցած տարի արդեն ոչ թե մեկ, այլ 2 առաջին դասարան են բացել։

«Գյուղում մարդիկ դեռ իրար հասկանում են, դեռ իրար հարգում են։ Մեկը մեկի ցավը կիսում ա։ Գյուղը իր սպեցիֆիկ հատկություններն ունի։ Գյուղն էնպիսի տեղ ա, որ չես կարող մենակ ապրել։ Պետք է ապրես ուրիշով, պետք է ապրես հարևանով, ընկերով։ Գյուղը լավ տեղ ա»,- ասում է Գյուլագարակի դպրոցի տնօրենը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG