«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնն ու Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբը Հայաստանի մի քանի տասնյակ դպրոցներում կատարած ուսումնասիրությունից հետո եզրակացրել են՝ դպրոցները հնարավորություն ունեն ինքնուրույնաբար բարձրացնել աշխատավարձերը, սակայն ուսուցիչները դրանից չեն օգտվում։
Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանն ասում է․ «Բացահայտել ենք, որ դպրոցական խորհուրդներն ունեն լիազորություն՝ աշխատավարձերի որոշակի բարձրացումներ անելու: Դա հիմնականում կատարվում է տնօրենների, փոխտնօրենների, պահակների, հնոցապանների պարագայում, բայց ոչ՝ ուսուցիչների»:
«Պահանջատեր հասարակություն հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում փորձագետներն ուսումնասիրել են Հայաստանի 40 դպրոցների բյուջեները։ Նպատակը կրթական ոլորտում կոռուպցիայի հնարավոր դրսևորումները բացահայտելն է։ Ծրագրի քննարկմանը մասնակցած՝ Գյումրիի դպրոցների մի շարք հաշվապահներ դժգոհեցին, ասելով, թե իրենց բյուջեով դպրոցները հազիվ են գոյատևում, քանի որ մարզի բնակլիմայական պայմանները հաշվի չեն առնվում և պահպանման ծախսերի մեջ տարբերություն չի դրվում։
Հաշվապահներից մեկը, մասնավորպես, նշեց Շիրակի մարզի խոստաշունչ ձմեռվա հանգամանքը: Սերոբ Խաչատրյանն օրինակ է բերում՝ որոշ դպրոցներում, ըստ փաստաթղթերի, տարվա ընթացքում 180 օր ջեռուցում են կազմակերպել, ինչը լուրջ ռեսուրսներ է խլում:
Ուսումնասիրության ընթացքում նաև ծնողների շրջանում է հարցում անցկացվել: Պարզվել է, որ աշակերտների մեծ մասի կրկնուսույցը հենց դասավանդող ուսուցիչն է, ինչը, փորձագետների գնահատմամբ, լուրջ մտահոգության տեղիք է տալիս՝ կոռուպցիոն ռիսկերի առումով: Հարցված ծնողները նաև բարձրաձայնել են, որ դպրոցների կառավարման խորհուրդներն առանց «քվորում ապահովելու» նիստեր են անցկացնում։ Սա հիմք է տալիս կրթական ոլորտի փորձագետներին եզրակացնելու, որ այդ խորհուրդները ձևական բնույթ են կրում:
Հարցումներով պարզվել է նաև, որ ծնողների որոշ խմբեր մեկ աշակերտի համար ամեն ամիս 5000-ից մինչև 20000 և ավելի դրամ լրացուցիչ գումար են ծախսում: Դրանց մեջ ներառված են, օրինակ՝ «ֆոնդի գումարը, նվերները, ավարտական դասարանների պարագայում՝ «Վերջին զանգի» հետ կապված ծախսերը» և այլն: Կատարված ուսումնասիրությունների արդյունքների ամփոփումից հետո դրանք համապատասխան առաջարկություններով կներկայացվեն Կրթության և գիտության նախարարությանը։