Մատչելիության հղումներ

Ռուսական զինտեխնիկայի տեղաշարժից վնասներ կրած մարմաշենցիները փոխհատուցման հույս չունեն


Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան, արխիվ

Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի բնակիչները զայրացած են՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի ծանր տեխնիկան գյուղի ցանքատարածություններով է հասնում «Կամխուդ» զինավարժարան՝ վնասելով ցորենի բերքը: Գյուղացիները վնասի փոխհատուցում են պահանջում, բայց չգիտեն ում դիմեն:

«Անցած տարի կարկուտն է ջարդել, էս տարի էլ տանկերը, ճամփա են սարքել: Իրանց համար ավելի մոտիկ ճանապարհ են գտել էլի, ինչի՞ անտեղի սայլարկա ծախսեն», «Երեք տեղով ճամփա են գցել, ճանապարհը կարճ է, մեր դաշտերը տրորելով են գնում»,- «Ազատության» հետ զրույցում դժգոհեցին մարմաշենցիները:

Ռազմաբազայի «Կամխուդ» զինավարժարանը գյուղական 4 համայնքների մոտ է գտնվում: Առաջին տարին չէ, որ ծանր տեխնիկայի տեղաշարժն իրականացվում է հենց ցանքատարածությունների միջով: Բայց եթե նախկինում միայն զինավարժարանի հարակից տարածքներն էին վնասվում, ապա հիմա ռուսական տանկերը ճանապարհը կարճացնելու համար մեծացրել են վնասված տարածքների մակերեսը:

Մարմաշենցիներն ասում են, որ դեռ չեն հաշվարկել այս տարի կրած վնասի չափը: Նախորդ տարիներին էլ երբեք փոխհատուցում չեն ստացել: Մարմաշենի համայնքապետ Գուրգեն Եղոյանը գյուղացիների կրած վնասի հարցը բարձրացրել է մարզխորհրդի վերջին նիստին: «Հարցն այն է, որ փչացրած ցանքատարածություններում վերացանք կատարվեց, բայց մոտ 10 օր է՝ էլի պարբերաբար, գրեթե ամեն օր նույն ճանապարհով երթևեկում են»:

Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ներկայացուցչի հետ հանդիպել է Շիրակի արդեն նախկին մարզպետ Հովսեփ Սիմոնյանը: Նա «Ազատությանն» ասաց, որ ռուսական կողմի հետ քննարկել են, թե ինչ երթուղի ընտրեն, որ զինտեխնիկայի տեղաշարժի ընթացքում տանկերը ցանքատարածություններում չհայտնվեն: «Համայնքապետերի բարձրացրած խնդիրը բավական լուրջ խնդիր է, եկանք այն եզրակացության, որ իրենք այդ տեխնիկան մաքսիմալ պետք է փոխեն»,- ասաց նախկին մարզպետը, ընգծելով, որ խոսքը բեռնափոխադրումները ոչ թե թրթուրներով, այլ անիվներով տեխնիկայի միջոցով իրականացնելու մասին է:

Ինչ վերաբերում է գյուղացիների կրած վնասի փոխհատուցմանը, ապա վնասը հաշվարկելու համար հանձնաժողով է կազմվելու, հետո նոր որոշելու են՝ փոխհատուցումը ռուսակա՞ն, թե հայկական կողմն է տալու:

Ի դեպ, այդ հանդիպմանը ոչ թե 102-րդ ռազմաբազայի հրամանատարն է մասնակցել, այլ նրա տեղակալը, քանի որ Վլադիմիր Յելկանովն արձակուրդում է: Առաջիկայում, երբ բազայի հրամանատար Վլադիմիր Յելկանովը վերադառնա, տեղի կունենա ևս մեկ հանդիպում, որի ընթացքում ակնկալվում է հասնել վերջնական համաձայնության: Գյուղացիները, սակայն, փոխհատուցուման հույս չունեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG