Հոկտեմբերի 1-ին Կատալոնիան Իսպանիայից անկախանալու հարցով հանրաքվե կանցկացնի: Այս մասին հայտարարել է մարզային կառավարության ղեկավար Կարլաս Պուչդեմոնը՝ այդպիսով ազդարարելով լարվածության նոր փուլ կենտրոնական կառավարության հետ, որը նման քվեարկությունը համարում է ապօրինի և պնդում, որ այն չպետք է տեղի ունենա:
«Հարցը հետևյալն է լինելու՝ «Ցանկանո՞ւմ եք արդյոք, որպեսզի Կատալոնիան դառնա անկախ պետություն՝ կառավարման հանրապետության ձևաչափով» ,- ասել է Պուչդեմոնը:
Անկախություն հռչակելու Կատալոնիայի նախորդ փորձերը ձախողվել են: Տնտեսական ճգնաժամի ֆոնին Իսպանիայից անջատվելու՝ կատալոնացիների բոլոր նախաձեռնությունները իսպանական պահպանողական կառավարության կողմից մշտապես արգելափակվել են:
Համաձայն իսպանական Սահմանադրության՝ Մադրիդը իրավունք ունի միջամտելու Կատալոնիայի մարզային կառավարության գործերին, ստիպելով հրաժարվել քվեարկությունից և ենթարկվել օրենքին:
Անկախության շարժման նկատմամբ աջակցությունը նվազեց, երբ Իսպանիայի տնտեսությունը սկսեց աճ գրանցել: Վերջին հարցումների համաձայն՝ կատալոնացիների 44․3 տոկոսը աջակցում է Իսպանիայից անկախանալուն, մինչդեռ 48․5 տոկոսը ստատուս քվոյի կողմնակից են: