Նախկին Խորհրդային Միության ղեկավար Նիկիտա Խրուշչովի թոռնուհին՝ Յուլիա Խրուշչովան էլեկտրագնացքի տակ է ընկել ու տեղում մահացել: Ռուսաստանի իրավապահները այսօր հաստատել են այդ լուրը:
Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի առավոտյան՝ Սոլնեչնայա կայարանում:
Քննչական կոմիտեի Մոսկվայի վարչության ներկայացուցիչը հայտնել է, որ 77-ամյա Խրուշչովան քայլել է երկաթգծերով ու չի հասցրել արձագանքել մեքենավարի ազդանշաններին: Ավելի վաղ «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ նա սայթաքել է ու ընկել մոտեցող էլեկտրագնացքի տակ:
Յուլիա Խրուշչովան Նիկիտա Խրուշչովի որդու՝ երկրորդ ամուսնությունից ծնված դուստրն էր: Նրա հայրը՝ մարտական օդաչու Լեոնիդ Խրուշչովը զոհվել է 1943 թվականին:
Նիկիտա Խրուշչովը 1953-64 թվականներին Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության առաջին քարտուղարն էր, երկրի ղեկավարը: Նրա օրոք վերջ տրվեց բռնապետ Ստալինի անձի պաշտամունքին: