Մատչելիության հղումներ

Թուրքիան զորախումբ կտեղակայի Քաթարում


Տեսարան Քաթարի մայրաքաղաք Դոհայից
Տեսարան Քաթարի մայրաքաղաք Դոհայից

Թուրքիան զորախումբ է տեղակայելու էներգետիկ ռեսուրսներով, գազի մեծ պաշարներով հարուստ Քաթարում, որի հետ հարևան արաբական երկրները գժտվել են: Այս մասին հայտնել է Քաթարի արտգործնախարար Մոհամեդ բին Աբդուլռահմանին:

Նա հայտարարել է, որ թուրքական զորքերը Քաթարում կլինեն՝ ամբողջ տարածաշրջանի անվտանգությունը ապահովելու համար:

Այս հայտարարության նախօրեին Թուրքիայի խորհրդարանը երկու որոշում էր ընդունել, առաջինը՝ թույլատրել թուրք զինծառայողների տեղակայումը Քաթարում, երկրորդը՝ թույլատրել վարժեցնել Քաթարի ռազմական ոստիկանական ուժերին:

Քաթարի արտգործնախարարը նաև հայտարարել է, որ Դոհան պատրաստ չէ փոխել իր արտաքին քաղաքականությունը Պարսից ծոցի երկրների հետ վիճաբանությունը հարթելու համար, և ընդգծել է, որ Քաթարը երբեք զիջումների չի գնա:

«Մենք չենք հանձնվի և երբեք չենք հրաժարվի մեր արտաքին քաղաքականության անկախությունից», - Դոհայում հունիսի 8-ին հայտարարել է Մոհամեդ բին Աբդուլռահմանը:

Նա նաև ասել է, որ իր երկիրը կշարունակի հարգել Արաբական Միացյալ Էմիրությունների հետ գազի պայմանագիրը, չնայած այդ երկիրը խզել է Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները:

Արտգործնախարարը հայտնել է, որ Իրանը պարենային օգնություն տրամադրելու պատրաստակամություն է հայտնել ու առաջարկել է իր երեք նավահանգիստները բացել Քաթարի համար: Սակայն Իրանի առաջարկների վերաբերյալ որոշում դեռևս չի ընդունվել, ասել է նա:

Հունիսի 5-ին Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները և մի շարք այլ արաբական երկրներ Քաթարի հետ խզեցին դիվանագիտական կապերն ու տրանսպորտային հաղորդակցությունը։ Նրանք Քաթարին մեղադրում են իսլամիստ զինյալներին և իրենց ոխերիմ թշնամի Իրանին աջակցելու մեջ։ Քաթարը մեղադրանքները չի ընդունում՝ դրանք համարելով անհիմն։

Այսօր, հունիսի 9-ին Քաթարի արտգործնախարարը մեկնելու է Մոսկվա՝ քննարկելու Պարսից ծոցի տարածաշրջանի ճգնաժամը: Շաբաթ օրը նախատեսված է նրա հանդիպումը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը անցած չորեքշաբթի հեռախոսազրույց էր ունցել Քաթարի էմիր շեյխ Համիդ բին Խալիֆա ալ-Թանիի հետ: Ըստ Սպիտակ տան հաղորդագրության, Թրամփն ասել է, որ տարածաշրջանի բոլոր երկրները պետք է միասին գործեն՝ կանխելու ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսավորումը, և խոչընդոտեն ծայրահեղական գաղափարախոսության տարածումը:

ԱՄՆ նախագահը նաև օգնություն է առաջարկել՝ ճգնաժամը հաղթահարելու համար: Ըստ Սպիտակ տան, նա ասել է, թե պատրաստ է անհրաժեշտության դեպքում հանդիպում կազմակերպել Սպիտակ տանը:

Ավելի վաղ, արաբական երկրների կողմից Քաթարի մեկուսացմանը Թրամփը անդրադարձել էր նաև Թվիթերով: «Վերջերս Մերձավոր Արևելք կատարած իմ այցելության ժամանակ ես շեշտեցի, որ ծայրահեղական գաղափարախոսության ֆինանսավորումը անթույլատրելի է: Առաջնորդները մատնանշեցին Քաթարը՝ տեսե՛ք», - գրել էր Դոնալդ Թրամփը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG