Մատչելիության հղումներ

Շարմազանով․ Հովիկ Աբրահամյանին ու Կարեն Կարապետյանին առնչվող իրադարձությունների միջև զուգահեռները անհաջող են


Անհաջող են զուգահեռները վարչապետ Կարեն Կարապետյանի հնարավոր հրաժարականի մասին լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկության ու անցած տարի սեպտեմբերին վարչապետի պաշտոնը թողած Հովիկ Աբրահամյանի հետ տեղի ունեցածի միջև՝ հինգշաբթի երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Խոսելով ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանի հնարավոր հրաժարականի մասին լրատվամիջոցներում չդադարող հրապարակումների մասին՝ Շարմազանովը նախ ասաց, որ նախագահ Սարգսյանի օրերս արված հայտարարությանը ավելացնելու բան չունի և «անհեթեթ» որակեց մամուլի նման հրապարակումները:

Նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի հայտարարել էր՝ «վարչապետը հրաժարական տալու որևէ պատճառ չունի», հերքելով իր և վարչապետ Կարեն Կարապետյանի միջև լարված հարաբերությունների վերաբերյալ հրապարակումները։

«Հայաստանի Հանրապետական կուսակցությունում արշալույսները խաղաղ են», - հայտարարեց Շարմազանովը: - «Մենք մեկ միասնական թիմ ենք, կուռ, գաղափարական թիմ ենք, ունենք մեր գործունեության հստակ տեսլականը և պատրաստակամ ենք ամբողջական գաղափարական թիմով Հանրապետության նախագահի գլխավորությամբ թե՛ օրենսդիրում, թե՛ գործադիրում իրականացնենք քայլեր, որի համար ապրիլի 2-ին մեր հանրության մեծամասնությունը մեզ ձայն է տվել և մեզ հետ հույս է կապել, որպեսզի մենք կարողանանք լուծել այդ պրոբլեմները», - հավելեց նա:

«Կուռ գաղափարական թիմի» մասին հայտարարությունից հետո, Շարմազանովին հիշեցրեցինք նախկին վարչապետ, ՀՀԿ նախկին փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի հետ ընդամենը ամիսներ առաջ տեղի ունեցածը, երբ պաշտոնը թողնելուց կարճ ժամանակ անց Աբրահամյանը սկանդալով դուրս եկավ նաև Հանրապետական կուսակցությունից:

«Զուգահեռները անհաջող են, որովհետև իրադարձություններն են այլ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ընդամենը շաբաթներ առաջ միաձայն Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում առաջադրել է Կարեն Կարապետյանին, ի դեպ՝ կուսակցության նախագահի առաջին տեղակալին, և հաջորդ իսկ օրը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը կուսակցության նախագահի առաջին տեղակալ և գործող վարչապետ Կարեն Կարապետյանին վերանշանակել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում», - պատասխանեց ՀՀԿ խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG