Մատչելիության հղումներ

Քոմին ասել է, որ իրեն ցնցել է հետաքննությունը դադարեցնելու մասին նախագահի խնդրանքը


ՀԴԳ-ի նախկին տնօրեն Ջեյմս Քոմին Սենատի հետախուզության հանձնաժողովում երդվում է ճշմարտությունն ասել, Վաշինգթոն, 8 հունիսի, 2017թ.

Հետաքննությունների դաշնային գործակալության նախկին տնօրենն այսօր առաջին անգամ ցուցմունք է տվել Սենատի հանձնաժողովում:

Հետաքննությունների դաշնային գործակալության նախկին տնօրեն Ջեյմս Քոմին Սենատի հետախուզության հանձնաժողովի նիստում այսօր ցուցմունք տալուց առաջ հանդիսավոր երդմամբ հավաստիացրել է, որ ճշմարտությունը կասի: Լսումները վարել է հանձնաժողովի նախագահ, հանրապետական սենատոր Ռիչարդ Բարրը:

Քննարկման առարկան ռուսների միջամտությունն է անցյալ տարվա ամերիկյան նախագահական ընտրություններին և հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական թիմի ու Ռուսաստանի ներկայացուցիչների շփումները:

Երեկ Քոմին Սենատ է ուղարկել իր պաշտոնական գրավոր վկայությունը, որի համաձայն ինքը ճնշման է ենթարկվել նախագահ Դոնալդ Թրամփի կողմից, ով, ըստ Քոմիի, հորդորել է դադարեցնել ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինի և ռուսների կապերի գործով հետաքննությունը:

Ջեյմս Քոմին ասել է, որ իրեն ցնցել է հետաքննությունը դադարեցնելու մասին նախագահի խնդրանքը:

Իրավաբանների մի մասն ասում է՝ եթե ապացուցվի, որ նախագահը կարգադրել է դադարեցնել Ֆլինի քննությունը, դա կարող է որակվել որպես արդարադատության խոչընդոտում, ինչը կարող է դառնալ նույնիսկ իմպիչմենտի գործընթաց սկսելու առիթ:

Սակայն իրավաբանների մյուս խումբը կարծիք է հայտնում, որ շատ դժվար կլինի ապացուցել կարգադրության հանգամանքը:

Ինքը Քոմին այսօր էլ պնդել է, որ իր անձնական ընկալմամբ նախագահը ցանկանում էր հետաքննության դադարեցում, ուղիղ հրահանգ չի եղել, բայց ակնհայտ ցանկություն դրսևորվել է:

Ըստ Քոմիի, մասնավոր ընթրիքի ժամանակ նախագահը փորձել է հավատարմություն կորզել: Քոմին պատասխանել է, որ կարող է իր ազնվությունը առաջարկել:

Քոմին ասել է, որ, իր տպավորությամբ, նախագահը ցանկանում էր ինչ-որ բան ստանալ, առաջարկելով իրեն շարունակել Հետաքննությունների դաշնային գործակալության ղեկավարումը:

Այդ մասնավոր զրույցի ընթացքում Թրամփը ասել էր, թե հուսով է, որ Քոմին կարող է գտնել Ֆլինի հետաքննությունը դադարեցնելու եղանակ, «թողնել, որ Ֆլինը գնա, նա լավ տղա է»: Հանրապետական սենատորներից մի քանիսը նկատել են տվել, որ «հուսով եմ» խոսքերը պետք չէ պարտադիր ըմբռնել որպես «կարգադրություն»:

Քոմին այդ առումով ասել է, որ երբ խոսում ես երկրի նախագահի հետ, նրա ասած «ես հուսով եմ» խոսքերը կարող ես ակամա ընկալել նաև որպես անուղղակի հրահանգ:

Նախագահը Քոմիին պաշտոնանկ է արել մայիսի 9-ին, ասելով, թե գործակալությունը կորցրել է վստահությունը և թերություններով է աշխատում:

Քոմին այսօր հայտարարել է՝ Սպիտակ տունը ստեր է տարածել թե՛ իր, թե՛ ՀԴԲ-ի մասին: Նա ասել է, թե մամուլից է տեղեկացել իր պաշտոնանկության մասին, տուն է վերադարձել որպես մասնավոր անձ՝ ընդունելով նախագահի որոշումը, սակայն երբ լսել է իր և իր ղեկավարած կառույցի հասցեին հնչեցված քննադատությունը, որոշել է հրապարակավ իր անհամաձայնությունը հայտնել: Նա «պարզ սուտ է» որակել իր և ՀԴԲ-ի հասցեին Թրամփի և նրա վարչակազմի տված գնահատականները:

Սպիտակ տունն այսօր անմիջապես արձագանքել է Քոմիի խոսքերին, հայտարարելով, թե «ԱՄՆ նախագահը սուտասան չէ»:

Դեմոկրատական սենատոր Մարկ Վարներն այսօր ասել է, որ «քննարկվող թեման հանրապետականների և դեմոկրատականների պայքարը չէ, ԱՄՆ-ի մրցակիցը [Ռուսաստանի Դաշնությունը], մեզ գրոհի է ենթարկել, նպատակ ունենալով խարխլել մեր և մեր ժողովրդի հավատն ընտրական համակարգի հանդեպ»:

Ջեյմս Քոմին ասել է, թե միանշանակ համոզված է, որ ռուսները միջամտել են ամերիկյան ընտրություններին:

Լսումները, որոնք Վաշինգտոնում կարող են մեծ սենսացիա առաջացնել, ընդհատվել են: Սենատի հանձնաժողովի նախագահ Բարրն ասել է.- «Մենք դեռ շատ հեռու ենք մեր հետաքննության ավարտից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG