Մատչելիության հղումներ

Ջեյմս Քոմին այսօր օրենսդիրների առջև ցուցմունք կտա


Ջեյմս Քոմի, արխիվ
Ջեյմս Քոմի, արխիվ

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային գործակալության նախկին տնօրեն Ջեյմս Քոմին այսօր պատասխանելու է ամերիկացի օրենսդիրների հարցերին: Լսումները տեղի են ունենում Սենատի հետախուզության հարցերի հանձնաժողովում: Քննարկման առարկան ռուսների միջամտությունն է անցյալ տարվա ամերիկյան նախագահական ընտրություններին և հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական թիմի ու Ռուսաստանի ներկայացուցիչների շփումները:

Ամերիկյան հետախուզության փորձագետների համոզմամբ, ռուսները նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ միջամտել են ամերիկյան ընտրական գործընթացին, նպատակ ունենալով վարկաբեկել դեմոկրատական թեկնածու Հիլարի Քլինթոնին և բարենպաստ պայմաններ ստեղծել Թրամփի հաղթանակի համար: Երեկ Քոմին ներկայացրել է պաշտոնական գրավոր վկայություն, որի համաձայն, ինքը ճնշման է ենթարկվել նախագահ Թրամփի կողմից, ով, ըստ Քոմիի, հորդորել է դադարեցնել Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ֆլինի՝ ռուսների հետ ունեցած կապերի գործով հետաքննությունը:

Նախագահը Քոմիին պաշտոնանկ է արել մայիսի 9-ին, իսկ Ֆլինն աշխտանքից ազատվել էր փետրվարի 13-ին, երբ հայտնի էր դարձել, որ նա ճշմարտությունը չի ասել փոխնախագահ Մայք Փենսին՝ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ ունեցած շփումների մասին: Ֆլինը, փաստորեն, մեկ ամիս էլ չի պաշտոնավարել: Ջեյմս Քոմին իր երեկվա գրավոր ցուցմունքում հայտնել է, որ նախագահի պաշտոնամուտի արարողությունից մեկ շաբաթ անց՝ հունվարի 27-ին, Թրամփը մասնավոր ընթրիքի ժամանակ իրենից հավատարմություն է պահանջել:

Նախագահը հարցրել է՝ արդյո՞ք Քոմին ցանկանում է շարունակել աշխատանքը Հետաքննությունների դաշնային գործակալության ղեկավարի պաշտոնում: Քոմիին տնօրենի պաշտոնը նախկին նախագահ Բարաք Օբաման էր վստահել: Քոմին Թրամփին պատասխանել է, թե կցանկանար ավարտին հասցնել պաշտոնավարման տասնամյա ժամկետը և հավաստիացրել, որ քաղաքական առումով որևէ մեկին չի սատարում: «Ինձ հավատարմություն է պետք, ես հավատարմություն եմ ակնկալում»,- ասել է Թրամփը: Քոմին արձագանքել է, թե կարող է իր ազնվությունն առաջարկել: «Ազնիվ հավատարմություն»,- ճշտել է Թրամփը: «Այո, դա կարող եք ակնկալել»,- պատասխանել է Քոմին, ցուցմունքում պարզաբանելով, թե զրույցի ընթացքում մտածել է, որ այդ փոխզիջումը կլինի թեման փակելու միակ ձևը:

Փետրվարի 14-ին Թրամփը Քոմիին հորդորել է փակել Ֆլինի գործով հետաքննությունը: «Թողեք Ֆլինը հանգիստ գնա, նա լավ տղա է, հուսով եմ, դուք կգտնեք այդ հարցը լուծելու ուղին»,- ակնարկել է Թրամփը: «Ես հասկացա, որ նախագահը խնդրում է դադարեցնել Ֆլինի և Ռուսաստանի դեսպանի 2016 թվականի դեկտեմբերյան շփումների հարցով հետաքննությունը»,- երեկվա ցուցմունքում գրել է Քոմին: Նա Թրամփին հավաստիացրել է, որ «անձամբ նախագահը ֆեդերալ հետաքննության գործով չի անցնում»:

Այսօր Թրամփի փաստաբաններից Մարկ Կազովիցը հատուկ հենց դա է ընդգծել, հայտարարելով, որ «նախագահը լիովին և ամբողոջությամբ արդարացված է»: Մինչդեռ, Ներկայացուցիչների պալատի հանրապետական խոսնակ Փոլ Ռայանն ասել է՝ «ակնհայտորեն անհարիր է նախագահի համար հավատարմություն պահանջել երկրի բարձրագույն իրավապահ կառույցի ղեկավարից»:

Իրավունքի ասպարեզում փորձագետների մի խումբ ենթադրում է, որ Ֆլինի գործով հետաքննությունը դադարեցնելու՝ Թրամփի պահանջը կարող է համարվել արդարադատության խոչընդոտում և հրահրել իմփիչմենտի գործընթաց: Սակայն, իրավաբանների մի մասն էլ ենթադրում է, թե շատ դժվար կլինի ապացուցել, որ նախագահը փորձել է արգելափակել հետաքննությունը: Հետաքննությունների դաշնային գործակալության վարած քննությունից զատ, Կոնգրեսի երկու պալատների՝ Սենատի և Ներկայացուցիչների տան հետախուզության հանձնաժողովներն իրարից անկախ սեփական քննություններն են անցկացնում Թրամփի թիմակիցների և ռուսաստանցիների հանդիպումների հարցով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG