Ուկրաինայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ օրենսդրական փոփոխություններ կատարեց արտաքին քաղաքականության ոլորտում՝ գերակա նպատակ հռչակելով երկրի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին:
Օրինագիծը, որ հեղինակել են խորհրդարանի խոսնակը, փոխխոսնակն ու երկրի նախկին արտգործնախարարը, ընդգծում է՝ ՆԱՏՕ-ին անդամակցելը կարևոր է ռուսական ագրեսիային դիմակայելու, Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը երաշխավորելու համար:
Փաստաթուղթը առաջիկայում պետք է ստորագրվի նաև նախագահ Պետրո Պորոշենկոյի կողմից, ով բազմիցս աջակցություն է հայտնել երկրի անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին:
Կրեմլը հայտարարել է, թե մտահոգված է ՆԱՏՕ-ի հնարավոր ընդարձակմամբ և քայլեր կձեռնարկի՝ հավասարակշռությունը պահելու համար: «Մենք չէ, որ Ուկրաինայի անդամակցության հարցով պետք է որոշում կայացնենք, սակայն, փաստ է, որ այդ երկիրը քաղաքացիական պատերազմի մեջ է»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: