Մատչելիության հղումներ

Human Rights Watch-ը Սաքունցին ուղղված մահվան սպառնալիքի անհապաղ քննության կոչ է անում


Իրավապաշտպան Արթուր Սաքունցը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը երեկ երեկոյան հաղորդագրություն է տարածել՝ Հայաստանի իշխանություններին կոչ անելով անհապաղ հետաքննել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին Ֆեյսբուքով ուղղված մահվան սպառնալիքները:

«Հայաստանի իշխանությունները պետք է ժամանակ չկորցնեն՝ կատարելու իրենց պարտավորությունները և հետաքննելու Արթուր Սաքունցի դեմ մահվան սպառնալիքները, տրամադրելու նրան այն պաշտպանությունը, որի կարիքը նա ունի», - հայտարարել է հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով ասոցիացված տնօրեն Ջեյն Բյուքենենը՝ շեշտելով, որ «ոչ ոք չպետք է մահից վախենա կառավարությանը հրապարակավ քննադատելու համար»:

Human Rights Watch-ը նշում է, որ Սաքունցը հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն, տվյալ հարցով մտահոգություն է հայտնել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը՝ քննության կոչ անելով:

Հիշեցնենք՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցում Աշոտ Ավանեսյան անունով օգտատերը հունիսի 2-ին անձնական վիրավորանքներ է ուղղել իրավապաշտպանին և գրել․ - «Սաքունց, ես քեզ սպանելու եմ, ադրբեջանամետ դիվերսանտ... դու Ալիևի ագենտն ես, քո նման վահանմարտիրոսյանների գլուխը կտրել է պետք, ամեն վայրկյան սպասիր ինձ, ես հետևից կրակողներից չեմ, կրակելու եմ դեմից, 2-3 մետրից՝ 9 մմ տրամաչափի փամփուշտով: Սպասիր ինձ, Սաքունց»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG