Մատչելիության հղումներ

Կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր Արաքսյա Մուշեղյանը գործընկերուհու՝ Հասմիկ Չախմախչյանի հետ մի ուշագրավ երաժշտական նախագիծ է իրականացրել, որը մեր հանդիսատեսին կներկայացվի հունիսի 23-ին Մարզահամերգային համալիրում:

«Ամեն» խորագրով երաժշտական էպիկական ներկայացումը «Ազատության» հետ զրույցում Արաքսյա Մուշեղյանն անվանեց դրամատիկ շոու, որը ներառում է մեր ժողովրդի պատմությունը՝ նախաքրիստոնեական ժամանակներից մինչև մեր օրերը:

Այս երաժշտական ներկայացմանը կմասնակցեն մեր լավագույն օպերային երգիչները՝ Բարսեղ Թումանյանը, Հասմիկ Թորոսյանը և այլք, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Հովեր» երգչախումբը, պարային խմբեր, բալետային արտիստներ, էստրադային և ազգագրական երգիչներ:

Շուն նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին․ - «Ամբողջ մեր պատմությունը երաժշտական և պարի ձևով ներկայացնում ենք բեմից: Մեր ազգի ամբողջ ճանապարհն ենք ցույց տալիս, հայ ժողովրդի ճանապարհը: Մենք ցույց ենք տալիս, որ մենք եղել ենք կրակապաշտ ժողովուրդ, որ դրանից հետո անցել ենք մեկ դար, որը անտիկ շրջան է եղել, դրանից հետո մենք ցույց ենք տալիս, իհարկե, քրիստոնեությունը ընդունելը, մեծ կտոր ունենք մեր ամենադաժան պահերից, որ մեր ժողովուրդը անցել է՝ Ցեղասպանությունը, և այսօրվա օրը: Այսօրվա օրը, ինչպես մենք ենք ուզում տեսնել այն, ուզում ենք վերածնված տեսնել մեր ժողովրդին: Ուզում ենք այս ծրագրով ցույց տալ բեմից, թե ինչպիսին ենք մենք իրականում»:

Արաքսյա Մուշեղյանը, ով նաև ներկայացման կոմպոզիտորն է, հավելեց, որ այս նախագծի վրա իրենք երեք տարի են աշխատել և ցանկանում են այն ոչ միայն այստեղ, այլև արտասահմանյան լավագույն բեմերում ներկայացնել:

Երևանյան պրեմիերայից մեկ ամիս անց այն կներկայացվի Վերոնայում՝ աշխարհի ամենամեծ օպերային բեմահարթակում՝ 15 հազարանոց Arena di Verona կոչվող հնագույն ամֆիթատրոնում, և այս ներկայացմամբ էլ կփակվի Իտալիայում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքը:

Ի դեպ, «Ամեն»-ը Վերոնայում պիտի ներկայացվեր դեռ 2015 թվականի աշնանը: Հարցին, թե ինչը խանգարեց, Մուշեղյանն արձագանքեց․ - «Շատ մեծ տեխնիկական խնդիրներ կային: Մեր որոշումն էր, որ ներկայացումը պետք է տեղափոխվի»:

Նա հավելեց, որ անցյալ տարի ներկայացման օրը Վերոնայում արդեն նշանակված էր, սակայն իրենք որոշել են պրեմիերան անել Երևանում․ - «Մենք որոշեցինք, որ Հայաստանի ժողովուրդը պետք է առաջինը սա տեսնի»:

Պարզաբանելով, թե ինչու են միայն մեկ ներկայացում տալու՝ ասաց․ - «Շատ ծախսատար է․․․ Դու մեկ բեմում պետք է հավաքես տարբեր ժանրերի, տարբեր ոճերի, տարբեր երկրներից եկած մարդկանց, և այդ այդ ամբողջը պիտի համատեղես: Բարդ պրոցես է․․․ Իսկ մեր գաղափարը ի սկզբանե այն էր, որ սա լինի դրսի համար»:

Հարցին, թե արդյոք օտարազգի հանդիսատեսը, դիտելով ներկայացումը, պատկերացում կկազմի հայ ժողովրդի անցած ուղու մասին, Մուշեղյանը պատասխանեց․ - «Ինձ թվում է, ինչ-որ պատկերացում նա կկազմի: Մենք մասքսիմալ ինֆորմացիան տալիս ենք, որպեսզի նրանք կարդան ու հասկանան, թե խոսքը ինչի մասին է, ինչ են տեսնելու և լսելու: Բայց ամենակարևորը՝ որ սա պետք է դիպչի նրանց սրտին: Իսկ եթե դիպչի սրտին, ուրեմն նրանց մոտ կառաջանա ցանկություն տեսնելուց հետո գալ տանը գոնե երկու բառ կարդալ, թե ինչ է Հայաստանը, ինչ է հայ ժողովուրդը․․․ Ուրեմն մենք մեր գործը արեցինք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG