Թուրքիայի անվտանգության ուժերը Կոնգոյի դրոշով նավարկող բեռնատար նավում ավելի քան մեկ տոննա հերոին են հայտնաբերել:
Ահազանգ ստանալով այն մասին, որ Թուրքիա ուղևորվող նավում մեծ քանակի թմրանյութ կա՝ Թուրքիայի առափնյա անվտանգության ուժերը և հատուկ ծառայությունները Միջերկրական ծովի միջազգային ջրերում կանգնեցրել ու խուզարկել են նավը: Հերոինը հայտնաբերվել է նավի գաղտնարաններում: Անձնակազմի 9 անդամները ձերբակալվել են, իսկ նավը բերվել է Մարմարայի ռազմածովային ուժերի նավահանգիստ:
Առգրավված թմրանյութի արժեքը կազմում է մոտ 57 միլիոն դոլար: Վերջին շրջանում սա Թուրքիայում հայտնաբերված թմրանյութի ամենախոշոր խմբաքանակն է:
Աֆղանստանից Եվրոպա թմրանյութերի մաքսանենգության ճանապարհին Թուրքիան համարվում է տարանցիկ հիմնական երկրներից մեկը: