Մատչելիության հղումներ

Թրամփը հրապարակել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենի պաշտոնում իր թեկնածուի անունը


Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը այսօր հայտնել է, որ պլանավորում է Հետաքննությունների դաշնային բյուրոյի նոր ղեկավար նշանակել Քրիստոֆեր Ռեյին: Այս մասին Թրամփը գրառում է կատարել Թվիթերի իր էջում:

«Հետաքննությունների դաշնային բյուրոյի նոր տնօրեն եմ առաջադրելու Քրիստոֆեր Ռեյին, մարդ ով անթերի համբավ ունի: Մանրամասները շուտով կլինեն», - գրել է ԱՄՆ նախագահը:

Քրիստոֆեր Ռեյը ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի ժամանակ՝ 2003-05 թվականներին ԱՄՆ-ի գլխավոր դատախազի օգնականն էր: Նրա քննության տակ էին ընկերությունների կորպորատիվ մեքենայությունների սկանդալային գործերը:

Հիմա Ռեյը աշխատում է King & Spalding մասնավոր իրավաբանական ընկերությունում:

Թրամփը Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենի պաշտոնում իր թեկնածուի մասին հայտարարեց սենատում նախկին տնօրեն Ջեյմս Քոմիի մասնակցությամբ կայանալիք լսումների նախօրեին: Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովում Քոմին պատասխանելու է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության և Մոսկվայի հետ Թրամփի մերձավոր թիմակիցների հնարավոր կապերի մասին հարցերին:

Ջեյմս Քոմին Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար էր նշանակվել 2013-ին՝ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք: Այս տարվա մայիսի 9-ին Թրամփը պաշտոնանկ արեց Քոմիին, պատճառաբանելով, որ դժգոհ է նրա աշխատանքից: Քոմիի պաշտոնանկությունը կատարվեց ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության գործով հետաքննության ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG