Մատչելիության հղումներ

Գյումրիի ավագանու ՀՎԿ խմբակցությունը դադարեցնում է բոյկոտը


Գյումրիի նորընտիր ավագանու առաջին նիստը: 10-ը հոկտեմբերի, 2016 թ․
Գյումրիի նորընտիր ավագանու առաջին նիստը: 10-ը հոկտեմբերի, 2016 թ․

Գյումրի ավագանու կազմում չորս անդամ ունեցող «Հայկական վերածնունդը» (ՀՎԿ) դադարեցրել է բոյկոտը և մասնակցել ավագանու գարնանային նստաշրջանի վերջին նիստին:

Ավագանում ՀՎԿ խմբակցության ղեկավար Սաշիկ Մարտիրոսյանը «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց․ - «Մենք պայքարում էինք մեր մանդատները հետ վերադարձնելու համար: Պայքարը գնաց դատարանով, հետո Սահմանադրական դատարան, երկու դատարանների վճիռն էլ նույնը եղավ, որ օրենքի սահմաններում է: Դրանից հետո արդեն պայքարելը անիմաստ է: Եթե Եվրադատարան էլ դիմենք, տարիների խնդիր է, իմաստը ո՞րն է: Ժողովսւրդն էլ մեզ քվե է տվել, դրա համար էլ մենք մեր մանդատները վերցրեցինք, անցանք աշխատանքի»:

ՀՎԿ-ն դեռ չի որոշել՝ ընդդիմադի՞ր, թե՞ իշխանամետ է լինելու․ դա առաջիկայում որոշելու է կուսակցության քաղխորհուրդը:

Ավագանու գարնանային նստաշրջանի վերջին նիստում քաղաքապետ Սամվել Բալասանյանը հայտարարել է, որ նիստերից անհարգելի բացակայող ավագանու մյուս անդամների լիազորությունների վաղաժամ դադարեցման գործընթաց է սկսում սեպտեմբերին մեկնակելիք նստաշրջանին ընդառաջ:

Գյումրիի 33 հոգանոց քաղաքային խորհրդում համապատասխանաբար 8 և 4 մանդատ ունեցող «Բարգավաճ Հայաստանն» ու ԳԱԼԱ-ն դեռ չեն հստակեցնում՝ կշարունակե՞ն բոյկոտը, թե՞ ոչ:

Հոկտեմբերին կայացած ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորած Վարդևան Գրիգորյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ մինչև սեպտեմբեր մտածելու ժամանակ ունեն․ - «Մինչև հիմա չկա որոշում, թե ինչ ֆորմատով ենք մասնակցելու»:

Ընտրություններից հետո, հիշեցնեմ, «Հայկական վերածնունդ» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններից մեկական մանդատ բոնուսային կարգով բաժին հասավ «Բալասանյան» դաշինքին, որը մեծամասնություն կազմեց, ու քաղաքապետի պաշտոնը երկրորդ անգամ Սամվել Բալասանյանը ստանձնեց:

ՀՎԿ-ն, ԲՀԿ-ն ու ԳԱԼԱ-ն, անհամաձայնություն հայտնելով մանդատների բաշխման գործընթացին, բոյկոտեցին ավագանու աշխատանքը և դիմեցին դատարան: Սահմանադրական դատարանում հաջողության չհասնելով՝ 3 ուժերը պայմանավորվել էին, որ ամեն մեկն արդեն ինքն է որոշում բոյկոտը շարունակել-չշարունակելու հարցը:

ԳԱԼԱ-ի պարագայում ևս դեռ հստակ չէ ավագանու աշխատանքներին մասնակցելու հարցը: Կուսակցության մամուլի պատասխանատու Արմենուհի Վարդանյանն ասաց, թե հարցը դեռ քննարկում են, կուսակցությունում կողմ և դեմ կարծիքներ կան․ - «Եղել են առիթներ, որ քննարկել ենք, փորձել ենք հասկանալ նպատակահարմարությունը, փորձել ենք հասկանալ մեր անելինքները, մեր մարտավարությունը՝ թե ինչ քաղաքականություն ենք իրականցնելու, ինչի ենք հասնելու՝ ունենալով 4 մանդատ: Վերջնական որոշում չունենք»:

Անդրադառնալով ավագանու բացակայող անդամների լիազորությունների դադարեցման նախաձեռնությանը՝ Վարդանյանն ասաց՝ ԳԱԼԱ-ում առանձնապես անհանգստացած չեն․ - «Սա, իհարկե, իրենց իրավունքն է: Թող վարվեն այնպես, ինչպես նպատակահարմար են համարում: ԳԱԼԱ-ին մանդատ տվողը եղել է ժողովուրդը, և իրենք չէ, որ պիտի զրկեն կամ չզրկեն»:

Իսկ Վարդևան Գրիգորյանն քաղաքապետի նախաձեռնությանն այսպես արձագանքեց․ - «Մենք մեր բողոքը որպես քաղաքական ակցիա ենք իրականացրել․ դա անհարգելի բացակայություն չէ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG