Մատչելիության հղումներ

Փոստանջյանը փորձում է Գլխավոր դատախազության միջոցով պատժել վարչական ատյանի դատավորներին


«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյան, արխիվ

Քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն դատարանից պահանջում էր անվավեր ճանաչել Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները:

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն այսօր հանցագործության մասին հաղորդումներ ներկայացրեց Գլխավոր դատախազություն և Հատուկ քննչական ծառայություն՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել կուսակցության բողոքը մերժած վարչական ատյանի դատավորներին: Քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն դատարանից պահանջում էր անվավեր ճանաչել Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները:

«Դա որոշում էր, որով հովանավորում և կոծկում էին ԿԸՀ-ի և ՀՀԿ-ի հանցագործությունը, հետևաբար, այդ դատական ակտը մենք պարտադիր ճանաչում ենք որպես ակնհայտ անարդարացի դատական ակտ և այն վիճարկում ենք Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններում»,- «Ազատությանն» ասաց Զարուհի Փոստանջյանը:

Վարչական դատարանի ակտը ընդդիմադիր կուսակցությունը չի կարող բողոքարկել վերաքննիչ ատյանում, ուստի՝ որոշել է գնալ այլ ճանապարհով՝ հենց դատավորներին կանչել պատասխանատվության: «Ակնհայտ անարադարացի դատական ակտ է, դատավորները կոծկել են հանցագործությունները և քննություն չեն կատարել: Ավելին՝ ստացան հստակ ցուցում, որի միջոցով նրանք չշարունակեցին դատավարությունը, որովհետև հասկանում էին՝ դատավարության ժամանակ պետք է հետազոտվեին ապացույցները, պետք է քննարկվեին մեր այցի առարկան և հիմքերը: Հետևաբար՝ թույլ չտվեցին»,- շարունակեց «Երկիր Ծիրանիի» ղեկավարը:

Փոստանջյանի վստահեցմամբ, եթե վարչական դատարանը չանցներ արագացված քննության ու իրենց թույլ տար հայցը հրապարակային ներկայացնել, ավագանու ընտրությունների կեղծման ողջ պատկերը ջրի երես դուրս կգար․ «Մենք ունեինք վկաներ, որոնք պետք է դատարանում վկայություն տային, ունեինք նաև միջնորդություն՝ փորձաքննություն նշանակելու վերաբերյալ, կապված շուրջ 10 հազար քվեաթերթիկների հետ, որոնք նույնատիպ քվեարկությամբ էին հայտնվել արկղերում, ինչը մատնանաշում է, որ տեղի է ունեցել զանգվածային ընտրակեղծարարություն: Դրա ազդեցությունն արդյունքերի վրա միանշանակորեն էական է եղել: Դա հիմք է հանդիսանում այդ ընտրություններն ուղղակի անվավեր ճանաչելու և նոր ընտրություններ նշանակելու համար»:

Փոստանջյանը պնդում է՝ խորհրդակցական սենյակում դատավորները «քրեորեն պատժելի» արարք են կատարել: Նա, սակայն, լավատես չէ ու չի կարծում, որ իրավապահները դատավորների արարքի հետ կապված գործ կհարուցեն: «Իհարկե հասկանում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում իրավապահ մարմիններն անկախ չեն և չեն գործում օրենքի շրջանակներում, բայց դա մեզ չի կաշկանդում, որովհետև մենք պետք է այդ ամենը փաստագրենք, որպեսզի ապագայում կարողանանք օգտվել նաև միջազգային ատյանների հնարավորություններից: Նաև՝ որպեսզի ապագայում անդրադարձ կատարենք՝ բոլոր այն մեղավորներին պատժելու համար, ովքեր այս ընթացքում իրենց որպես հանցագործ են դրսևորել»,- ասաց «Երկիր Ծիրանիի» ղեկավարը:

Երևանի նորընտիր ավագանին, որտեղ Փոստանջյանի կուսակցությունը ներկայացված է ընդամենը հինգ անդամով, ուրբաթ օրը գումարելու է առաջին նիստը, որի ժամանակ պաշտոնական արդյունքներով ավելի քան 70 տոկոս քվե ստացած Հանրապետականի թեկնածու Տարոն Մարգարյանը երդմնակալությամբ ստանձնելու է քաղաքապետի պաշտոնը: «Երկիր Ծիրանին» չի գաղտնազերծում՝ կմասնակցի՞ արդյոք առաջին նիստին և եթե այո՝ ի՞նչ ձևաչափով․ «Վաղը չէ մյուս օրը դուք ականատեսը կլինեք, թե ինչպես ենք մենք մասնակցելու Երևանում տեղական ինքնակառավարման մարմնի գործունեությանը: Քանի որ մենք Տարոն Մարգարյանին ճանաչում ենք որպես բռնազավթիչ, ոչ թե օրինական պաշտոնյա, իր նկատմամբ մեր վերաբերմունքը լինելու է այդ տիրույթում»:

14 անդամներով Երևանի ավագանիում ներկայացված կլինի նաև «Ելք» խմբակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG