Մատչելիության հղումներ

Հայաստանի և Իտալիայի արտգործնախարարները քննարկել են համագործակցության հարցեր


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր Հռոմում Իտալիայի արտգործնախարար Անջելինո Ալֆանոի հետ քննարկել է երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ:

Ըստ Հայաստանի արտգործնախարարության, Նալբանդյանն ու Ալֆանոն քննարկել են տարբեր ոլորտներում երկու պետությունների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները, ձեռնարկվելիք քայլերը: Անդրադարձ է արվել միջազգային կազմակերպությունների շրջանակներում գործակցության սերտացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, արտգործնախարարությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացման հարցերին։

Նախարարները մտքեր են փոխանակել երկու երկրների միջև առկա գործարար կապերի ընդլայնման շուրջ՝ այդ առումով կարևորելով երկու հարյուրից ավել գործարարների մասնակցությամբ բիզնես ֆորումի անցկացումը Հռոմում։

Հայաստանի և Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարևորել են Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո իտալական զորախմբի կազմում հայ խաղաղապահների մասնակցությունը:

Հանդիպման օրակարգում էր նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը։ Նալբանդյանը ներկայացրել է վերջերս Բրյուսել կատարած իր այցելության, Հայաստան-Եվրոպական միություն խորհրդի արդյունքները։ Երկուստեք կարևորվել է աշնանը ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախատեսվող ստորագրումը:

Կողմերն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրների:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵԱՀԿ-ում գալիք տարի Իտալիայի նախագահության առաջնայնությունների և այդ կազմակերպության շրջանակներում համագործակցության շուրջ։

Էդվարդ Նալաբանդյանը ներկայացրել է Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերը՝ ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ։

Հայաստանի և Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են Մերձավոր Արևելքում, Սիրիայում, Իրաքում տեղի ունեցող զարգացումներին, միգրացիոն հոսքերին, ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարին։

Հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի և բանակցությունների արդյունքներով Էդվարդ Նալբանդյանը և Անջելինո Ալֆանոն հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG