Մատչելիության հղումներ

Գեղարքունիքի մարզի մոտ 20 գյուղերի բնակիչներ այսօր կեսօրից փակել էին Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը՝ իրենց բողոքն հայտնելով համայնքների խոշորացման ծրագրի դեմ:

Բողոքող գյուղացիները «Ազատությանը» պատմեցին, որ իրենց 20 գյուղերը երկու՝ Վարդենիս և Մասրիկ համայնքների հետ միավորելու կառավարական ծրագրի մասին օրեր առաջ են լսել, երբ համապատասխան օրինագիծը ներկայացվել է Ազգային ժողով՝ հաստատման: Գյուղացիները վստահ են՝ խոշորացումը կկասեցնի սահմանամերձ համայնքների զարգացումն ու կդառնա արտագաղթի պատճառ:

«Մենք տեղյակ չենք, մենք համաձայն չենք նման խոշորացմանը», - ասում էր ցուցարարներից մեկը:

«Նախագիծը կա, բայց իմ կարծիքն ո՞վ ա հարցրել, ո՞ր մի ժողովրդի կարծիքն են հարցրել», - դժգոհում էր մյուսը:

Ցուցարարները պահանջում են իրենց 20-ից ավելի համայնքները միավորել ոչ թե մեկում, կամ երկուսում, այլ ստեղծել 4-5 խոշորացված համայնք, ինչը, նրանց կարծիքով, ավելի արդյունավետ կլինի համայնքների զարգացման տեսանկյունից և բնակիչները չեն տուժի:

Նշենք, որ Ազգային ժողովի այսօր մեկնարկած արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված նախագծով առաջարկվում է Հայաստանի 8 մարզերի 328 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել 34-ը:

Երթևեկությունը կանգնել էր, ճանապարհը բացվում էր միայն զինծառայողների կամ Ղարաբաղի հոսպիտալից եկող մեքենաների համար: Վրդովված բնակիչների հետ բանակցելու էին եկել ոստիկանության Վարդենիսի բաժնի աշխատակիցները։ Գյուղացիներին փորձում էին համոզել՝ բացեք ճանապարհն ու հարցը կարգավորեք քաղաքակիրթ տարբերակով:

Մոտ երկու ժամ բանակցելուց հետո ակցայի մասնակիցները եկան ընդհանուր հայտարարի։ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի տեղակալ Տիգրան Պետրոսյանի առաջարկով որոշեցին յուրաքանչյուր համայնքից 2 հոգուց բաղկացած խումբ կազմել և գնալ Երևան՝ կառավարության հետ հանդիպման: Ոստիկանների միջոցով նրանց փոխանցել էին՝ գործադիրից պատրաստ են ընդունել ու լսել։

Ի վերջո գյուղացիները բացեցին ճանապարհը՝ պայման դնելով ոստիկանների ու Կառավարության առջև, որ եթե այսօր իրենց պահանջները չբավարարվեն, ապա վաղը կրկին կփակեն ճանապարհը, դրան գումարած նաև երկաթգիծը:

Ու մինչև համայնքների ներկայացուցիչները խումբ-խումբ որոշում էին ում ուղարկել երևան, գյուղացիներին ուշացած մոտեցավ Գեղարքունիքի փոխմարզպետը: Անդրանիկ Հակոբյանը վստահեցնում էր՝ գյուղացիները շահելու են խոշորացումից․ - «Ազգաբնակչության համար ծառայություններ, ենթակառուցվածքներ զարգացնել և այլն»:

Փոխմարզպետից հետաքրքրվեցինք՝ ի՞նչու հաշվի չի առնվել գյուղացիների կարծիքը և ի՞նչու են բնակիչները վերջինն իմանում ծրագրի մասին: Փոխմարզպետը հստակեցրեց՝ վերջերս տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի մասնակցությամբ քննարկում է եղել համայնքների ղեկավարների հետ։ - «Համայնքների ղեկավարները պարտավոր էին քննարկումներ անել, ներկայացնել: Իսկ եթե չեն ներկայացրել՝ դա բոլորովին այլ խնդիր է», - հավելեց Անդրանիկ Հակոբյանը:

Երևան ժամանած գյուղացիների խմբին ընդունեց ոչ թե վարչապետը, այլ նրա ու տարածքային կառավարման նախարարի օգնականները։ Ինչպես «Ազատությանը փոխանցեցին բնակիչները, իրենք ստիպված նրանց են ներկայացրել պահանջները ու առաջարկները, բայց փաստացի մերժում են ստացել։ Գյուղացիների խոսքով՝ ի պատասխան գործադիրի վերաբերմունքի վաղը կրկին կփակեն միջպետական ճանապարհը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG